ՀՀԿ-ն ընկել է տնետուն


hayastan hanrapetakan kusakcutyunn ynkel drnedur harcashar entrutyunner veraberyal patverov harcumner shirakum

Գյումրիում կուսակցություններն սկսել են տնից տուն գնալ՝ հարցնելու ընտրողների ընտրական նախասիրությունների մասին՝ ո՞ւմ են ընտրելու, ինչո՞ւ, ճանաչո՞ւմ են այս կամ այն կուսակցության ներկայացուցչին, ինչպե՞ս են գնահատում նրանց գործունեությունը:

NEWSPRESS.am-ի՝ Շիրակի մարզի թղթակիցը տեղեկացնում է, որ բարետես արտաքինով աղջիկները թաղամասից թաղամաս, տնից տուն գնալով հարցումներ են կատարում ու ընտրողներից պարզում հատկապես կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքը: Նշում են, որ անկախ են ու սոցիոլոգիական հարցումները որևէ կուսակցության պատվերը չեն:

Բայց մի քանի հարցից հետո արդեն հստակ է դառնում պատվիրատուն: Ներկա, նախկին ու «գալիք» հանրապետականների մասին հարցերից պարզ է, որ պատվիրատուն իշխող կուսակցությունն է: Նախ հարցնում են, թե արդյոք ճանաչո՞ւմ են տվյալ քաղաքական գործչին, թե՞ ոչ: Ու ևս մեկ բացահայտում է կատարվում. Շիրակի մարզի ՀՀԿ-ի վարկանիշային ցուցակն են ուղղակիորեն ներկայացնում:

1. Սերգեյ Ամիրբեկյան — Շիրակի ԳԳՄ տնօրեն,
2. Սուքիաս Ավետիսյան — ԱԺ պատգամավոր,
3. Խաչատուր Բալասանյան — Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին,
4. Կարեն Գոմցյան — «Լենտեքս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն,
5. Վարդիթեր Գասպարյան — Ախուրիկի գյուղապետ,
6. Վահան Գասպարյան — «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն,
7. Մարտուն Գրիգորյան — ԱԺ պատգամավոր /նախկին ԲՀԿ-ական/,
8. Հրայր Կարապետյան — Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ,
9. Ջեմմա Հարությունյան — Ամասիայի համայնքապետ,
10. Վարդան Մարտիրոսյան — «Շիրակի ջրմուղկոյուղու» տնօրեն,
11. Սահակ Մինասյան — Շիրակի համալսարանի ռեկտոր,
12. Ազգանուշ Մնացյան — Ազատան մանկապարտեզի տնօրեն, դասավանդում է Շիրակի համալսարանում,
13. Մուշեղ Պետոյան — Աժ պատգամավոր /նախկին ԲՀԿ-ական/,
14. Արման Սահակյան — ԱԺ պատգամավոր, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր,
15. Ռուբիկ Սանոյան — Գյումրիի փոխքաղաքապետ,
16. Խաչատուր Վարագյան — Արթիկի նախկին քաղաքապետ,
17. Ֆելիքս Ցոլակյան — Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողական ծառայության պետ,
18. Գագիկ Ֆարզադյան — Շիրակի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Ղարս» մասնաճյուղի տնօրեն

Հարցաշարը բավական ընդգրկուն է. նախ ինչպե՞ս եք գնահատում տվյալ անձի գործունեությունը 10 բալանոց սանդղակով, եթե վաղը ընտրություններ լինեն՝ ո՞ւմ կընտրեին, և տեղյա՞կ են, թե որ կուսակցության անդամ է տվյալ անձնավորությունը ու եթե անդամակցի կամ հրաժարվի հանրապետական կուսակցությունից, վերաբերմունք կփոխվի՞ արդյոք:

Ուշագրավ էր մի հարց. «Ի՞նչը կփոխեր Ձեր վերաբերմունքն ու ընտրությունը»՝ առաջարկելով հետևյալ տարբերակները՝ ծանոթ-բարեկամի հորդորը, աշխատանքի առաջարկը, գումարային օգնությունը:

Փաստորեն, ընտրություն կատարելու համար, բոլոր այս տարբերակները Հանրապետականը կառաջարկի, միայն թե նորից մտափոխվող ընտրողի համար իրատեսական տարբերակը գումարն է. ծանոթ-բարեկամներն արտագաղթել են, աշխատանքի առաջարկն էլ ընտրություններից հետո մոռանում է առաջարկողը: