Վարչապետը ժամանա՞կ է շահում, թե՞ կասկածում է մարզպետերին. կտրամադրվի՞ արդյոք գումար մարզերի հրատապ խնդիրները լուծելու համար


hayastan-hanrapetutyan-varchapet-karen-karapetyan-aycelel-vayocdzor-yevararart-marzer-yeremenq-chunenq-npatak-chenqkarogh-lavaprel-hamaynqayin-byujen

Ամեն տարի կառավարությունը մարզերին, դոտացիայից բացի, լրացուցիչ գումար է տրամադրում, որ մարզերում կուտակված հրատապ խնդիրները լուծվեն: Այդ գումարն ամեն անգամ տարբեր է՝ հասնում է մինչև 2 միլիարդ դրամի ու ծառայում է հիմնականում միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհների նորոգմանը, դպրոցների վերանորոգմանն ու գույքի ձեռքբերմանը, գյուղերում ջրամատակարարման ցանցի բարելավմանը:

Բայց նախորդ տարի՝ դեռ տարեսկզբից, խոսվում էր, որ բյուջեի հնարավորությունները սուղ են, ու հազիվ թե գումար տրամադրեն մարզերի հրատապ խնդիրները լուծելու համար: Վիճակն ավելի բարդացավ ապրիլյան պատերազմից հետո. արդեն հստակ էր, որ գումար չի լինելու, իսկ ցուցակագրված ու հրատապ լուծում պահանջող հարցերը մնալու են անլուծելի:

NEWSPRESS.am-ի թղթակցի այն հարցին, թե 2017 թվականին լինելո՞ւ են արդյոք հատկացումներ մարզերին հրատապ խնդիրները լուծելու համար, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց. «Մենք պետք է հասկանանք, թե ինչն է հրատապ, ճանապարհներն էլ են հրատապ, ջրագծերն էլ են հրատապ, աղետից տուժած համայնքների փոխհատուցումն էլ է հրատապ: Պետք է սահմանենք չափորոշիչներ: Դրա համար մենք վարչապետից ստացել ենք հանձնարարական, որ 2017 թվականին որևէ գաղափարախոսությամբ գույքագրենք խնդիրները, տեսնենք, թե ում ենք առաջնահերթ օգնելու»:

Ստացվում է՝ միայն գույքագրումից հետո պարզ կլինի՝ գումար տրամադրվելո՞ւ է, թե՞ ոչ, բայց հարց է ծագում. չէ՞ որ մարզպետարանների համապատասխան վարչություններում արդեն իսկ ցուցակագրված են մարզի խնդիրները՝ համապատասխան նախահաշիվներով, ինչո՞ւ է որոշվել նորից գույքագրել, թե՞ սա ընդամենը ժամանակ շահելու եղանակ է, ու այս տարի ևս գումար չի հատկացվի մարզերին, NEWSPRESS.am-ի այս հարցին ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանեց. «Կարևորագույն մոտեցումներից մեկը ժամանակի ընկալումն է, գույքագրումը չի կարող տևել մեկ տարի, որովհետև եթե հրատապ խնդրին դու լուծում չես տալիս մեկ տարի, դա արդեն ժամանակավրեպ է»:

Ի դեպ, մինչ գույքագրվում են հրատապ խնդիրները, վերանորոգման սպասող դպրոցները, ճանապարհներն ու ջրամատակարարման ցանցերը շարքից դուրս են գալիս ու արդեն վերանորոգման փոխարեն հիմնանորոգման կարիք կլինի, ու ավելի շատ գումարներ կպահանջվեն: