«Ուժեղ մնա, Մանչեսթեր»․ Հենրիխ Մխիթարյան - Վանաձորի քաղաքապետի աստղային փառքը «կրծել է» նրա բանականությունը - ԵԼՔ-ն ընթացք է տալիս «Զիբիլիկսի» գործին. Փաշինյանի գրությունը ՀՀ գլխավոր դատախազին - «Նաիրիտի» գործը Քննչական կոմիտեում է - Անահիտ Բախշյան. Երևանի թիվ 79 մանկապարտեզում կադրային ջարդ է (լուսանկար) - Պատրաստ եմ ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը․ Սէֆիլյան - Փոքրիկ Հովհաննեսին վիրահատելու համար 3000 դոլար է անհրաժեշտ (տեսանյութ) - «Կսպանեմ, կմորթեմ». Արաբկիրում ավազակային հարձակումը բացահայտվեց (տեսանյութ) - Քաղաքացուն առևանգելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել - Ռուսական առաջին ալիքի անդրադարձը՝ Հայաստանում տեղի ունեցած «Տոլմայի փառատոնին» (տեսանյութ)

Ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը. Գարեգին Բ (տեսանյութ)


katoxikos-garegin-b

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Տարեմուտի սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքով և Ողորմած Աստծո շնորհների հայցով Հայրական Մեր սերը և օրհնությունն ենք բերում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:

Հույսով ու բարի ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը` հրաժեշտ տալով մեր ժողովրդի համար հուզումներով դժվարին տարվա: Մեկ անգամ ևս ապրեցինք պատերազմի, ռազմական սադրիչ գործողությունների տագնապները և կորուստների ցավը, նաև՝ ամավերջի այս օրերին: Ականատես եղանք և սխրանքներին մեր զավակների, որ անառիկ պահպանեցին մեր երկրի սահմանները: Զգացինք քաջալերությունը հայրենիքը պաշտպանելու պատրաստ մեր ժողովրդի միասնականության: Անցնող տարում հաղթահարեցինք նաև ներքին անկայունության սպառնալիքը՝ հաստատելով օրինականությամբ խնդիրները վճռելու մեր ուղին:

Այս մարտահրավերներով ու հայրենական մեր կյանքի բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր ժողովուրդը Աստծո օրհնությամբ արարեց, բարիք ստեղծեց, ի սփյուռս աշխարհի տոնեց անկախ մեր պետականության 25-րդ տարեդարձը, զորավիգ կանգնեց ու սատարեց պատերազմական նեղությունները կրող սիրիահայությանը: Հայրենիքում և սփյուռքում մեր ժողովուրդն ապրեց առ հայրենին սիրով, հույսով լավատես, որ նորոգյալ կյանքով, իր աշխատանքով, տաղանդով ու ձեռքբերումներով կերտելու է իր բարօր, լուսավոր ներկան ու ապագան: Գոհություն ենք հայտնում Երկնավորին, որ մեր ժողովրդի զավակները կարևորեցին իրենց հոգևոր աճը, զորացրեցին իրենց հավատքն ու քրիստոնեական ճանաչողությունը, որին ուղղված է մեր Եկեղեցու ընդարձակվող գործունեությունը: Քրիստոնեական մեր հավատքի լիուլի դրսևորումը այն ժայռեղեն հիմքն է, որի վրա շարունակ պիտի բարձրանա մեր կյանքը և ունենա ներուժը՝ հաղթանակներ կերտելու:

Տարեմուտը հրավեր է նորոգության, վերափոխվելու, հրաժարվելու անցյալի սխալներից ու բացթողումներից: Մեր հորդորն է, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ քրիստոնեական սիրով, հայրենաշեն ջանքերով, մեր երկրում կայունության պահպանման և օրինականության ամրապնդման նախանձախնդրությամբ մասնակցություն բերենք մեր պետական ու հասարակական կյանքի զորացմանը և ի սփյուռս աշխարհի մեր ազգային և եկեղեցական անդաստանի շենացմանը: Ծառայենք միմյանց, ծառայենք մեր հայրենիքին, որի օրհնյալ կյանքը պիտի կերտենք, ծառայենք մեր ազգին, որ բազում հույսեր ունի իրագործելու: Օգնական լինենք նեղյալներին և կարոտյալներին: Միմյանց հանդեպ սերը, բարի նպատակն ու գործը Աստված անտես չի անում: Հանձնառության այս ոգով դիմավորենք 2017 թվականը:

Համայն հայոց հոգևոր նվիրական կենտրոն Սուրբ Էջմիածնից Մեր աղոթքն ենք բարձրացնում, որ Աստված օրհնի մեր հայրենիքը, օրհնի մեր ժողովրդի կյանքը ի սփյուռս աշխարհի, անվտանգ ու անհաղթ պահպանի մեր բանակի զինվորներին ու սպաներին, օրհնի հիշատակը հայրենիքի համար զոհված Մեր քաջարի զավակների և ամուր ու անխաթար պահի խաղաղությունը մեր երկրի սահմաններին: Խաղաղություն ենք մաղթում ողջ աշխարհին, խաղաղություն՝ Մերձավոր Արևելքին, Սիրիային, Իրաքին: Թող մեր Փրկչի առատ շնորհները, ուրախություն, երջանկություն, բյուր բարիքներ հեղվեն ձեր կյանքից և ձեր ընտանիքներից ներս, սիրելիներ: Պահպանեք ձեր հավատքը, պահպանեք ձեր հայրենասեր, ազգանվեր ոգին, հոգ տարեք միմյանց, հոգացեք հավիտենական կյանքի համար, որ ունենք Հիսուս Քրիստոսով: Մաղթում ենք բարի, օրհնյալ տարի բոլորիդ:

Շնորհավոր նոր տարի: