Ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ - Շահեն Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու երկու հայցերը կքննվեն մեկ վարույթում - Ադրբեջանի համար երևակայական «հաջողություններ» հորինելն ու դրանցով ոգևորվելը դարձել է կենսաձև - Մեքենան բախվել է պատին, կան վիրավորներ և մեկ զոհ - Բաքվի հերթական «դիվերսիոն» խեղկատակությունը - Հրազդանի քաղաքապետը ձեռքը տարել է քաղաքի բյուջեին - Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել - Արտակարգ դեպք Լոռու մարզում. հայրը հայտնաբերել է կախված տղային և կարողացել փրկել նրան․ Shamshyan.com - Սեռական հարաբերություն՝ 16 տարին չլրացած անձի հետ. հետախուզվողը կալանավորվել է (տեսանյութ) - Ադրբեջանը փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն. Արցախի ՊԲ

«Ես Ձմեռ Պապից մամա եմ ուզել». մանկատանն ապրող երեխայի՝ անցած տարվա չիրականացված ցանկությունը նույնն է մնացել (լուսանկարներ)


dzmerpapic-mamakuzem-gyumrihatuk-xnamq-kariqunecox-yerexaner-naxord-tarinerin-chkatarvac-razanqn-chipoxvel-xarberd-mankatun-7

Գյումրիի «Երեխաների տուն» մանկատունը Հայաստանի միակ հաստատությունն է, որտեղ խնամվում են 0-8 տարեկան ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ. նրանց մեծ մասից ծնողները հրաժարվել են հենց ծննդատանը:

dzmerpapic-mamakuzem-gyumrihatuk-xnamq-kariqunecox-yerexaner-naxord-tarinerin-chkatarvac-razanqn-chipoxvel-xarberd-mankatun

Հիմա այս հարկի տակ բնակվում է 126 երեխա՝ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից: Ինչպես «Երեխաների տուն» մանկատան տնօրեն Աննա Գևորգյանը NEWSPRESS.am-ին ասաց, հաստատությունում ապրում են զարգացման խնդիր ունեցող երեխաներ, հենաշարժողական խնդիրներով, դաունի սինդրոմով, մանկական ուղեղային կաթվածով երեխաներ:

dzmerpapic-mamakuzem-gyumrihatuk-xnamq-kariqunecox-yerexaner-naxord-tarinerin-chkatarvac-razanqn-chipoxvel-xarberd-mankatun-5

«Այս երեխաների ծնողները հենց հիվանդության պատճառով հրաժարվել են նրանցից, Շիրակի մարզից ընդամենը երեքն է, Շիրակում տանն են պահում երեխաներին, չնայած շատ, շատ դժվար է»,- նշեց Գևորգյանը:

Հաստատությունը պետության ու բարերարների օգնությամբ տարբեր վիրահատություններ ու միջամտություններ է կատարում, մասնագիտական օգնություն տրամադրում:

dzmerpapic-mamakuzem-gyumrihatuk-xnamq-kariqunecox-yerexaner-naxord-tarinerin-chkatarvac-razanqn-chipoxvel-xarberd-mankatun-1

«Մեծ արդյունքներ էլ են լինում, բայց մեզ ու երեխաների համար անգամ փոքր առաջընթացը մեծ ձեռքբերում է, այն կարող է երեխային օգնել վերադառնալ ընտանիք կամ գտնել նոր ընտանիք: Օրինակ՝ ունեինք երեխա, որ լսողական ու մտավոր խնդիրներ ուներ, վիրահատությամբ վերականգնվեց լսողությունը, մասնագետների աջակցությամբ էլ մտավոր բավարար զարգացման մակարդակ ապահովվեց, ու ծնողները որոշեցին նրան տանել տուն»,- ասաց մանկատան տնօրենն ու միաժամանակ նշեց նաև, որ նման դեպքերը քիչ են:

dzmerpapic-mamakuzem-gyumrihatuk-xnamq-kariqunecox-yerexaner-naxord-tarinerin-chkatarvac-razanqn-chipoxvel-xarberd-mankatun-2

Ամեն տարվա պես, այս անգամ էլ Ամանորի նախաշեմին այստեղ ևս նախատոնական տրամադրություն է: Երեխաներն ու աշխատակիցները պատրաստվում են տոնական հանդեսին, տոնածառին, սպասում Ձմեռ Պապիկին ու Ձյունանուշին:

dzmerpapic-mamakuzem-gyumrihatuk-xnamq-kariqunecox-yerexaner-naxord-tarinerin-chkatarvac-razanqn-chipoxvel-xarberd-mankatun-10

Հնչում է ուրախ երգն ու երաժշտությունը… երեխաները կոկիկ ու գեղեցիկ հագուստներով տոնական տեսք ունեն, բայց… տեսնում ես, որ տոնական հանդեսին մասնակից երեխաներից ոչ մեկը չի կարող քայլել, հետո սկսում են իրենց ոտանավորներն արտասանել ու նրանցից մի քանիսը հազիվ են կարողանում բառերն արտաբերել:

dzmerpapic-mamakuzem-gyumrihatuk-xnamq-kariqunecox-yerexaner-naxord-tarinerin-chkatarvac-razanqn-chipoxvel-xarberd-mankatun-3

Կողքիդ նստած աշխատակիցներից մեկը շշնջում է. «Այս երեխաները մեր հաստատության լավ վիճակում գտնվող երեխաներն են, մեր մյուս երեխաներն ավելի վատ վիճակում են»:

Հետո սկսվում է պարը… մանկատան աշխատակիցները սայլակները հետ-առաջ տանում, պտտեցնում երեխաներին, նրանց դեմքին ժպիտ է, իսկ հանդիսատեսի աչքերին՝ արցունքներ:

dzmerpapic-mamakuzem-gyumrihatuk-xnamq-kariqunecox-yerexaner-naxord-tarinerin-chkatarvac-razanqn-chipoxvel-xarberd-mankatun-9

Տոնական հանդեսն ավարտվում է, և ուզում ենք իմանալ՝ այս փոքրիկները հավատո՞ւմ են Ամանորի հրաշքին ու ի՞նչ են ցանկանում, որ Ձմեռ Պապին իրենց նվիրի: Մեկը կոնֆետներ էր ուզում, մյուսը՝ մեքենա, մի երեխա էլ ասում, որ ուզում է հրացան ունենալ ու զինվոր դառնալ: Բայց ամենամեծ ցանկությունը երկու սիրունատես տղաներինն է:

dzmerpapic-mamakuzem-gyumrihatuk-xnamq-kariqunecox-yerexaner-naxord-tarinerin-chkatarvac-razanqn-chipoxvel-xarberd-mankatun-7

7 տարեկան Գառնիկին հարցնում ենք, թե ինչ է ցանկանում, որ Ձմեռ Պապիկն իրեն բերի Ամանորին: Փոքրիկը պատասխանում է. «Առողջություն, օր կռնանամ քայլել, առողջ էղնիմ սաղի պես»:

dzmerpapic-mamakuzem-gyumrihatuk-xnamq-kariqunecox-yerexaner-naxord-tarinerin-chkatarvac-razanqn-chipoxvel-xarberd-mankatun-4

5 տարեկան Նարեկի պատասխանն էլ դրոշմվում է ուղեղում. «Մամա եմ ուզել Ձմեռ Պապիկից, անցած տարի էլ էի ուզել, չբերավ մամա, մամա կուզեմ»:

dzmerpapic-mamakuzem-gyumrihatuk-xnamq-kariqunecox-yerexaner-naxord-tarinerin-chkatarvac-razanqn-chipoxvel-xarberd-mankatun-8

Նարեկը մայրիկին երբեք չի տեսել, ունի հենաշարժողական խնդիրներ, երբ խնդրեցինք, որ ասի, թե ինչպիսին է մաման, փորձի նկարագրել, արդեն մի փոքր տխուր ասում է. «Մաման մամա է, թող Ձմեռ Պապը նկարե ինձի համար մամա»: Հետո սկսում է ավելի տխրել, բայց շուտով միանում է հյուր եկած մուլտֆիլմի հերոսներին:

Այս հաստատությունում միայն Նարեկի ցանկությունը չէ մամա ունենալը. 126 երեխայից միայն 6-ի ծնողներն են պարբերաբար այցելում իրենց երեխաներին, մյուսները չեն գալիս տեսակցության (նույնիսկ երբ երեխան մահամերձ է ու մորը կանչում են): Երեխաներն իրենք իրենց գիտակցության մեջ չունեն ու չեն տեսնում մոր կերպարը, բայց, բնազդաբար, թե շրջապատին նայելով, մաման նույնացնում են ընտանիքի ու տան հետ, որտեղ կուզենային ապրել: Հազվադեպ, բայց այս երեխաներն էլ գտնում են նոր ընտանիք, իսկ եթե ոչ, նրանք տեղափոխվում են Խարբերդի մանկատուն՝ մինչև 18 տարեկան:

…Իսկ հետո՞… հարցին մանկատան աշխատակիցը միանգամից չի կարողանում պատասխանել. «Հետո՞… հետո կա′մ ծերանոց, կա′մ մահանում են ընտանիքի կարոտով»:

NEWSPRESS.am