Սիսիան-Երևան ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհից - «Հայը պաշտում է չալաղաչը, դրա համար էլ էս օրին ենք». հավատի ու եկեղեցու վերականգնում է պահանջում Շիրակի թեմի առաջնորդը (ֆոտո) - ԵՊՀ ուսանողին մեղադրանք է առաջադրվել սպանության, ծանր մարմնական վնաս պատճառելու համար - Առողջական խնդիրներ ունեցող 2 զինծառայող ազատվել է ծառայությունից. ՀՔԱՎԳ - Հոսպիտալում մահացել է ծանր վիրավոր զինվորը - Մահացել է Առողջապահության նախարարի կինը - Ավանդների փոխհատուցմա՞մբ մտահոգ, թե՞ նախընտրական PR - «Վարչապետը քրեաօլիգարխիկ համակարգի զոհը դարձավ» - Խոշոր վթար՝ Կոմիտասի պողոտայում. կան տուժածներ - Իրադրությունն առաջնագծում

Ավարտական քննությունների նոր կարգն ընդլայնում է աշակերտների ընտրության ազատությունը


narine-hovhannisyan

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրել է «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը», որը հաստատվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 17-ին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով:

Ներկայացնելով ավարտական քննությունների կազմակերպման նոր աշխատակարգը, Նարինե Հովհաննսիյանը նշել է, որ հիմնական փոփոխությունը վերաբերում է ավագ դպրոցի 12-րդ դասարանում ավարտական և միասնական քննությունենրի անցկացմանը:

Ըստ այդմ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ դեկտեմբերի 24-30-ը և/կամ հունիսի 1-24-ը: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին հանձնում է միայն այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Հունիսին՝ միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել միայն այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 1-ից մինչև 10-ը ներառյալ քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ):

«12-րդ դասարանցուն հնարավորություն է տրված հիմնական ավարտական քննությունները հանձնել դեկտեմբերի վերջին: Իսկ արդեն երկրորդ կիսամյակում նա կարող է ընտրել այն երեք հիմնական առարկաները, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար: Նույնիսկ եթե սովորողը բուհ դիմելու մտադրություն չունի և միասնական քննություններ հանձնել չի կամենում, նա պետք է ընտրի առնվազն երեք առարկա՝ երկրորդ կիսամյակում խորացված ուսումնասիրելու համար»,- նշել է հանրակրթության վարչության պետը՝ հրավիրելով, որ նոր աշխատակարգը որևէ պարտադրանք չի ենթադրում: Աշակերտն ինքն է ընտրում, թե որ քննությունները հանձնել դեկտեմբերին,որոնք թողնել հունիսին:

12-րդ դասարաններում պետական ավարտական քննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով.

• «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26
• «Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28
• «Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29
• «Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
• «Մայրենի լեզու և գրականություն» /բանավոր/ ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում
• «Ֆիզկուլտուրա» /ամփոփիչ ստուգարք/-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:

Նարինե Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ երկրորդ կիսամյակում երեք առարկայի ընտրությունն ու խորացված պարապմունքները դպրոցներում որոշակի խնդիրներ են առաջացնում՝ դասացուցակների փոփոխությամբ պայմանավորված. «Այդ բոլոր հարցերի առնչությամբ դպրոցների տնօրենները և ուսուցիչները ստանում են պարզաբանում և կարծում եմ, որ կկարողանաք գործընթացը սահուն կազմակերպել»,- նշել է Ն. Հովհաննիսյանը:

Վարչության պետի խոսքով՝ ավարտական քննությունների նոր աշխատակարգի անցկացումն ավելի դյուրին կլինի առանձնացված ավագ դպրոցներում, որտեղ ուսուցումը հոսքային դասարաններում է կատարվում: Նոր աշխատակարգի կիրառումը տեխնիկապես ավելի դժվար է գյուղական համայնքների միջնակարգ դպրոցներում, սակայն այստեղ ևս ճկուն մոտեցում ցուցաբերելու դեպքում խնդիրներ չեն առաջանա:

Ն. Հովհաննիսյանի խոսքով՝ 12-րդ դասարանում դասացուցակի բեռնաթափման խնդիրը տարիներ շարունակ բարձրացվել է աշակերտների և նրանց ծնողների կողմից. «Մենք անընդհատ լսում էինք դժգոհություններ, որ ենթադրենք աշակերտը գնալու է տնտեսագիտական ֆակուլտետ, ապա նրան օրինակ՝ «Պատմություն» առարկայից պետք է ազատել, որպեսզի կարողանա պատրաստվել բուհական քննություններին: Բողոքներ կային, որ երեխաները հոգնում են, ֆիզիկապես չեն հասցնում և՛ պարապել, և՛ դասերին հաճախել: Մենք այդ խնդրին տվել ենք լուծում: Երկրորդ կիսամյակում 12-րդ դասարանցիների շաբաթական ծանրաբեռնվածությունը լինելու է 31 դասաժամ, որից 10-ական ժամերը կհատկացվեն իրենց կողմից ընտրված առարկաներին, իսկ 1 ժամը՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային, որը պարտադիր է բոլորի համար:

Փաստորեն դպրոցը երկրորդ կիսամյակում երեխային շաբաթական 10 ժամով որևէ կոնկրետ առարկա է ուսուցանում, որը նրան հնարավորություն կտա դպրոցի գիտելիքով հաղթահարել բուհի ընդունելության շեմը»,-նշել է Ն. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նոր կարգի նպատակը կրկնուսույցների դեմ ուղղված քայլ չէ: Երկրորդ կիսամյակում ևս աշակերտները պարտավոր են կանոնավոր դասի հաճախել: Առանձին դեպքերում, երբ աշակերտը դեկտեմբերին հանձնել է ավարտական քննություն, սակայն հետագայում մտափոխվել է և որոշել է նույն առարկայից հանձնել նաև միասնական քննություն, նա այդ իրավունքը կունենա:

Ամեն դեպքում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացն ավարտվում է հունիսին՝ բոլոր քննությունները հանձնելուց հետո և ավարտական փաստաթղթերը՝ ատեստատները, ինչպես միշտ տրվելու են հունիսի վերջին:

Հավելենք նաև, որ համաձայն նոր աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը:

9-րդ դասարանի ավարտական քննություններն անցկացվում են.

• «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` փոխադրություն. քննությանը տրվում է 90 րոպե,
• «Գրականություն» առարկայից` բանավոր,
• «Հայոց պատմություն» առարկայից` բանավոր,
• «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 120 րոպե,
• «Բնագիտություն» առարկայից` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներց գրավոր՝ սովորողի ընտրությամբ. քննությանը տրվում է 120 րոպե,
• «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) առարկայից` բանավոր` աշակերտի ընտրությամբ,
• «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում),
• «Ռուս գրականություն» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար,
• «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է

• «Մայրենի» առարկայից` թելադրություն. քննությանը տրվում է 60 րոպե
• «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր. քննությանը տրվում է 60 րոպե
• «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարաններում,
• «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից` բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում: