Մեր առողջապահությունն առավել կաղում է մասնագետներ պատրաստելու հարցում


meraroxjapahutyun-kaghum-bjishkner-verapatrastel-harcum-rafayel-grigoryan-harcazruyc-miqayelyan-virabujutyan

Բժշկի մասնագիտական պարտք, պարտավորություններ ու իրավունքներ, առողջապահական ոլորտի թերություններ ու դրական միտումներ. ի՞նչ գնահատական է տալիս բժիշկը, ով կյանքի և մահվան սահմանագծում պայքարում է արդեն 40 տարի: Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Ռաֆայել Գրիգորյան:

-Ըստ Ձեզ` Հայաստանում ապահովվա՞ծ են բավարար պայմաններ որակյալ բժշկության համար:

-Գիտեք, պարադոքսալ բան է ստացվում. մի կողմից մեր բժշկությունն աննախադեպ զարգացում է ապրում, մյուս կողմից էլ դեռ հրատապ է մնում տեխնիկական հագեցվածության խնդիրը: Կան բժշկական ուղղություններ, որոնք պահանջում են տեխնոլոգիական հագեցվածություն: Օրինակ վերցնենք մեր բաժանմունքը. վերակենդանացումն ու ինտենսիվ թերապիան պահանջում են թանկ դեղորայք ու դիագնոստիկ սարքավորումներ, առանց դրանց արդյունավետ գործունեություն անհնար է ծավալել:

Հայաստանը որպես տնտեսապես ոչ այնքան հարուստ երկիր` այս առումով հետ է մնում: Բայց միևնույն ժամանակ ունենք տեխնոլոգիապես հագեցած բժշկական կենտրոններ: Կարծում եմ` մեր առողջապահությունն առավել կաղում է մասնագետներ պատրաստելու հարցում: Տեսեք, փակեցին բժիշկների վերապատրաստման ինստիտուտը: Դա, իրականում, մի դպրոց էր, որտեղ բժիշկներն ապահովում էին իրենց մասնագիտական աճը, դասեր քաղում ավագ սերնդի և առավել փորձառու իրենց գործընկերներից, ծանոթանում իրենց ոլորտում գրանցված վերջին նորություններին, ուսումնասիրում դրանց պրակտիկ կիրառությունների փորձը: Իսկ հիմա… Մի բան է` դու քեզ համարես լավ բժիշկ, այլ բան է` լինես լավ բժիշկ: Ես հեռու եմ մեր բժիշկներին քննադատելու մտքից, ես հեռու եմ այն մտքից, թե մեր բժիշկները լավը չեն, ընդհակառակը ունենք փայլուն բժիշկ-մասնագետներ, որոնց փորձը կարող է հետաքրքրել անգամ զարգացած երկրներին: Բայց մերոնք չեն գնում, փոխարենը ամեն օր լսում ենք՝ Չգիտեմինչբերգը կամ Չգիտեմինչշտեյնը ժամանել է Հայաստան` վարպետաց դասեր անցկացնելու: Եկեք դեռ պարզենք` ի՞նչ բժիշկներ են նրանք, արդյո՞ք նրանք իրենց երկրում ճանաչված են որպես լավագույն ու մեզ են հաղորդելու բժշկության վերջին խոսքը:

Մի խոսքով՝ մեր համար մեկ խնդիրը համարում եմ այն, որ չկա դպրոց, վերապատրաստելու դպրոց: Հետո` բժշկությունը շատ է զարգացել, իսկ մենք դոփում ենք տեղում: Մենք տեսնում ու գնահատում ենք միայն բժշկի աշխատանքը, իսկ բուժքու՞յրը: Պետք է արդեն համապատասխան լրջությամբ վերաբերվել միջին բուժաշխատողի պատրաստման ու վերապատրաստման հարցերին: Որովհետև բժշկությունում, և հատկապես ինտենսիվ թերապիայում, մեծ դեր ու նշանակություն ունի բուժքույրը: Այնինչ Հայաստանում բուժքույրի գնահատականը սահմանափակվում է լավ երակային ներարկում անելով: Այստեղ էլ անելիք շատ ունենք, պետք է փոխվեն ուսուցման մոտեցումներն ու կարծրատիպերը, ուսումնարաններից դուրս գան առավել պատրաստված ու բանիմաց մասնագետներ: Մանավանդ, որ երիտասարդները պատրաստ են վերցնել, սովորել: Պետք է ընդհանրապես լուրջ հիմքերի վրա դրվի ընդհանրապես բուժաշխատողի պարբերական, անընդհատ վերապատրաստումների հարցը: Կուբայի օրինակը բերեմ. այս երկիրը հեղափոխությունից հետո տակավին ջախջախված էր, բայց իր բժիշկներին ուղարկում էր ԱՄՆ վերապատրաստումների: Եվ հիմա Կուբայի բժշկությունն այնքան է զարգացել, որ Ամերիկայից են գնում Կուբա բուժվելու:

-Այսինքն՝ պետք է համակարգային փոփոխություննե՞ր իրականացնել զարգացում ունենալու համար:

-Այո’, և պետք է սկսել հենց մասնագետների պատրաստման ու վերապատրաստման գործընթացներից: Ամեն մարդ իր պարտականությունները պիտի կատարի:

-Դուք` որպես մասնագետ, Ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում:

-Բացարձակորեն ոչ: Սկսած նրանից, որ կարող են պացիենտները գալ, մտնել բժշկի կաբինետ, նրան անպատվել, երբեմն անգամ ֆիզիկական ուժ գործադրել, և բժիշկը որպես մասնագետ հակադարձող ոչ մի ուժ ու հնարավորություն չունի:

-Եթե արտերկրի կլինիկայից Ձեզ աշխատանքի առաջարկ անեին, կլքեի՞ք հայրենիքը:

-Այո, կաշխատեի, որովհետև այնտեղ այլ է տեխնիկական հագեցվածությունը, այլ են պայմանները` ավելի բարեկեցիկ: Այնտեղ մասնագետին զարգացման ավելի մեծ հնարավորությունն են տրված:

-Բժիշկների վարձատրությունը Հայաստանում բավարա՞ր է արժանավայել կյանք վարելու համար:

-Դա ի՞նչ հարց է… Հայ բժիշկներն էլ այլ երկրների բժիշկների նման հանգստի կարիք ունեն, նոր տպավորությունների ու աշխարհաճանաչողության ներքին պահանջ: Այնինչ այստեղ վարձատրությունը կարող է բավարարել միայն առօրյա խնդիրները լուծելու համար: Մյուս կողմից էլ չմոռանանք, որ բժշկի աշխատանքը հոգեբանական լուրջ ծանրաբեռնվածություն է. մարդկային ծանր ճակատագրեր, պատասխանատվություն դրանց համար, բարդ վիրահատություններ: Լիարժեք հանգիստն անհրաժեշտություն է: Այ, եթե դուք հարցնեք` երբ եմ վերջին անգամ հանգստի մեկնել, չեմ պատասխանի, որովհետև անհարմար է, և շատ բժիշկներ են այդպես աշխատում, ու ոչ ոք չի իմանում այդ մասին: