Հեքիաթ վարչապետի մասին


varchapet-hovikabrahamyan-zinvume-mincheserzh-sargsyan-hrazharakanen-pahanjum

Ժուկով ժամանակով ապրում էր մի վարչապետ և մի օր նա որոշում է երթևեկել մետրոյով: Հենց այդ պահին էլ հայտնվում է տիեզերահամբավ լրագրող, լուսանկարիչ, ընդդիմադիր Քամչյանը և զարմանալով, որ վարչապետը երթևեկում է մետրոյով (իսկ նա կյանքում նման բան չէր տեսել) անմիջապես ֆիքսում է պատմական պահը, որը պահ էր թե′ այդ երկրի վարչապետի, և թե′ հենց Քամչյանի համար:

Այսպես, ասում են՝ այդ հինավուրց երկրի ամենահասարակ, ժողովրդի լեզուն հասկացող, մարդկանց հոգսերով տապակվող և եփվող վարչապետն աշխատանքի էր գնում մետրոյով:

Այդ հինավուրց երկրում բազում իրադարձություններ էին կատարվում, բնակչության մի մասը տեսնում էր, որ վարչապետը երթևեկում է մետրոյով ու մտածում էր, դե, ոչինչ, թող մենք վատ ապրենք, թող մենք քիչ սնվենք, սակայն եթե մեր երկրի վարչապետն է կիսում մեր հոգսերը, ուրեմն մեր զրկանքներն իզուր չեն:

Բայց վարչապետն այդ երկրի իրոք մետրոյով երթևեկելիս, իրոք մտածում էր ժողովրդի մասին, նա անգամ ժետոն էր գնել 100 դրամով. իհարկե, այդ պահը ոչ ոք չէր ֆիքսել: Այս ժեստը գալիս է ցույց տալու, թե ինքը որքան է ժողովրդավար, դեռևս ժողովրդավարության պատմությունից առաջ, և նա ոչ միայն չէր նստել մետրոյի որևէ նստատեղի, քանի որ նախ պատկառելի տարիքն էր դա թույլ տալիս, այլ կանգնել էր ու հմտորեն հպվել էր ձողին: Նշենք, որ սույն հանգամանքն էր զարմանալի՝ ձողի և վարչապետի:

Վարչապետի մետրոյական սկանդալից հետո, ասում են, այլևս վարչապետին չեն տեսել մետրոյով երթևեկելիս: Դե երկրի հոգսերը շատ են, խնդիրները՝ նույնպես, և վարչապետը էլ ժամանակ ու հոգս չունի, ժամանակ վատնի ու գնա Քամչյանի համար թիթեռ նկարի:

Եվ այսպես վարչապետն այլևս ժամանակ չուներ ժողովրդավարություն խաղալու, ոչ էլ ժամանակ ուներ երկրի հոգսերը սեփականացնելու, իսկ Քամչյանն իր խնդիրներն ուներ: Եվ այս հեքիաթում վարչապետը գնաց իր ճանապարհով, իսկ մենք մեր ճանապարհով, ու այլև վարչապետի ու ժողովրդի ճանապարհները չհատվեցին: Երկնքից ընկավ երեք խնձոր. մեկը վարչապետի համար, մեկը Քամչյանի, մյուսն էլ կրկեսի հանդիսականների:

Newspress.am