Հարկային նոր օրենսգիրքը ՏՏ և բանկային ոլորտներում ընդվզում կառաջացնի


hayk-chobanyan

Հարկային նոր օրենսգրքի ընդունման արդյունքում, ամենայն հավանականությամբ, բանկային ու տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատակիցներն ընդվզում կբարձրացնեն: Հարկային նոր օրենսգիրքն ուղղակիորեն հակասում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը:

Նա նաև նշեց, որ այն առաջին հերթին հարվածում է ՏՏ ոլորտի աշխատակիցներին, և այն ակտիվությունը, որը ցուցաբերելու են ոլորտի 1500-ից 2000 դոլար եկամուտ ունեցող 15 հազար աշխատակիցները, չեն կարող անտարբեր լինել, երբ իրենց աշխատավարձերն սկսեն հարկել 30-ից 40 տոկոսի չափով:

«Հարկային բարեփոխումների նկատմամբ լրջության պակաս կա: Եվ Հարկային նոր օրենսգիրքը ոչ միայն հակառակ է ներդրումների հոսանքին, այլև որևէ վերլուծություն ու հիմնավորում չկա, որ սա իսկապես մեր երկրին օգուտ կբերի»,- ասաց նա` հավելելով, որ 3-4 տարի առաջ իրենք ռազմավարություն են մշակել, կատարել քայլեր, որոնք բարելավել են ՀՀ տնտեսությունը, բայց Հարկային նոր օրենսգիրքը լիարժեք հակառակն է այդ հոսանքին:

Հայկ Չոբանյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե Հարկային օրենսգրքով եկամտային հարկը չնչին է բարձրանում, սակայն եկամտային հարկի փոփոխության պատճառով ոլորտի գործատուների վրա 25-30 տոկոս լրացուցիչ բեռ է լինելու: Սա, ըստ Չոբանյանի, ոլորտի համար հսկայական բեռ է, որն ընկերություններն ի վիճակի չեն տանելու. այսօր արդեն Հայաստանի ՏՏ ոլորտն աշխատավարձի առումով մրցունակ չէ աշխարհում:

«Այսօր տնտեսական թվերը, ներառյալ` ՏՏ ոլորտի մոտ 25 տոկոսանոց աճը, դրանք գոյություն պահպանելու, ոչ թե զարգանալու թվեր են: Հարկային նոր օրենսգիրքը վտանգում է տնտեսությունը»,- շեշտեց Հայկ Չոբանյանը: