«Հրապարակ». Մենք Պողոսին ամենօրյա ռեժիմով չենք սպանում
«Հրապարակ» թերթը գրում է.
ԱԺ-ում ստեղծված` ապրիլյան պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի անդամ Սիփան Փաշինյանին հարցրինք․ ե՞րբ են պատրաստվում կանչել Սերժ Սարգսյանին։ «Անկախ նրանից` դա կլինի Սերժ Սարգսյանը, թե Պողոս Պողոսյանը, մենք որեւէ կաշկանդվածություն չունենք որեւէ մեկին, ըստ անհրաժեշտության, հանձնաժողով կանչելու։ Պետք լինի, այո, պետք է գան ու պետք է խոսեն»:
«Իմ քայլում», փաստորեն, ենթագիտակցական ասոցիացիա է Պողոսի, Պողոս Պողոսյանի հետ. թավշյա հեղափոխության կոդերի՞ց է։
«Իսկ Դուք տեղյա՞կ չեք․ հայ լինելով, մեր հասարակության մեջ մեծացած լինելով՝ Ձեզ հայտնի՞ չէ, որ միշտ ասում են` Պողոս կամ Պետրոս։ Հետեւաբար, դա նորմալ է, որ մենք Պողոս ենք ասում»:
Իսկ կիսո՞ւմ եք կարծիքը, որ այլեւս Պողոսը չպետք է որոշի Ամուլսարի եւ նման խնդիրների ճակատագիրը:
«Պրովոկացիոն հարց է, ասեմ` ինչու. միտքը հայտնվել է եւ երկու մեկնաբանության է արժանացել, ում ինչպես հարմար է, այդպես է օգտվում այդ մտքից։ Դուք, քանի որ «հաԳահեղափոխական» եք, փորձում եք բացասական տրամաբանության մեջ մեկնաբանել այն»:
Դուք դեռ սիրում եւ հաշվի՞ եք նստում Պողոսի հետ:
«Եթե Պողոս ասելով նկատի ունեք հասարակությանը, իսկ ես վստահ եմ, որ դա նկատի ունեք, որովհետեւ Դուք «հաԳահեղափոխական» եք եւ վատ երանգներով եք ներկայացնում, մենք, ի տարբերություն նախկին իշխանությունների, ամենօրյա ռեժիմով չենք սպանում եւ անարդարությամբ, դատարաններին թելադրելով չենք զբաղվում»:
Միայն փակում եք դատարանների դռները։
«Հայաստանի Հանրապետությունում ցանկացած քաղաքացի իրավունք ունի քայլելու իր երկրում եւ գտնվելու ցանկացած տեղ, ցանկացած շենքի մոտ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում