«Չէ, բայց ԱԺ-ն գնահատական քրեաիրավական տա՞, հա՞. ԱԺ-ն իրավունք չունի». Պետրոսյանն անընդհատ Բաբաջանյանին ընդհատում էր (տեսանյութ)
Ազգային ժողովի պատգամավո Արման Բաբաջանյանը դիմում է պատրաստել, որն ուզում է կցվի «Իմ քայլը» խմբակցության այն դիմումին, որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները:
Բաբաջանյանի դիմումը վերաբերում էր նրան, թե ինչպիսի խախտումներով է 2018 թվականի փետրվար-մարդ ամիսներին ՀՀԿ անդամ, Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը դադարեցրել Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները։
Նրա այս ներկայացման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարցրեց, թե ի՞նչ կապ ունի Արա Բաբլոյանը:
«Ի՞նչ, հումորի՞ ենք մենք եկել, ի՞նչ կապ ունի այս հարցը Արա Բաբլոյանի հետ։ Եթե կոնկրետ մարմնին է հարցը վերաբերում, ինչո՞ւ եք մի մարդու հարց քննարկում։ Խնդրում եմ այս հարցի պատասխանը տալ»։
Նրան հորդորեցին լռել և թույլ տալ, որ Բաբաջանյանը մինչև վերջ ելույթ ունենա:
Շարունակելով ելույթը՝ Բաբաջանյանը նշեց, որ իր դիմումը Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու ապօրինի գործընթացի մասին է:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճահարույց գործողությունները, որոնց վերաբերյալ Աժ–ն պետք է դիրքորոշում հայտնի և, ինչու ոչ, նաև հետ կանչի այդ որոշումն ու քրեաիրավական գնահատական տա»։
Գևորգ Պետրոսյանը կրկին բորբոքվեց. «Ազգային ժողովը քրեաիրավական գնահատական տա՞»: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց Պետրոսյանին՝ «թողեք թող ավարտի»։
Սակայն Պետրոսյանը չէր հանդարտվում. «Չէ, բայց ԱԺ-ն քրեաիրավական գնահատական տա՞, հա՞: ԱԺ-ն քրեաիրավական գնահատականներ տալու իրավունք չունի»,- ասաց նա։
Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ համամիտ է Պետրոսյանի հետ, սակայն ինքը անընդհատ չի կարող միջամտել և ասել, թե ով ինչ պահի սխալ թույլ տվեց:
«Թո՛ղ ավարտի՝ նոր ձեր ելույթը կլսենք»,-հորդորեց նա Պետրոսյանին:
Մանրամասները՝ տեսանյութում