Շուտով սկսվելու է նոր, մեծ հարձակում եկեղեցու նկատմամբ․ Գառնիկ Իսագուլյան
Որևէ մեկը զգո՞ւմ է, որ կա ՀՀ նախագահ, որը Սահմանադրությամբ լիազորություններ ունի: Այս հարցադրմամբ դիմեց լրագրողներին՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նրա դիտարկմամբ` այսօր կա Հայաստան, որտեղ ապրում ենք, ամեն ինչ տեսնում ու շոշափում ենք, բայց չկա այլևս ընդդիմության և իշխանության Հայաստան:
«Կա Նիկոլի Հայաստան, որն արտացոլվում է իր միտինգների ելույթներում, որտեղ խոսում է ինչ-որ բաների մասին, և ամբոխը` ոչ ժողովուրդը, ոչինչ չի հասկանում, բայց մեկ է` ծափահարում է: Կա Նիկոլի Հայաստան, որտեղ, եթե որևէ մեկը չի ուզում նրա կամքը կատարել, համարվում է դավադիր, հանցագործ, կոռուպցիոներ, հայրենիքի դավաճան: Ինչու եմ ասում` չկա իշխանությունների Հայաստան, որովհետև իշխանություններից ամեն մեկը Հայաստանը յուրովի է պատկերացնում»,-ասաց Իսագուլյանը:
Անդրադառնալով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականին՝ Իսագուլյանը նկատեց, որ Փաշինյանն իր սկզբնական ռեյտինգի ապահովման համար որպես միջոց օգտագործում էր Վանեցյանին ու նրա ղեկավարած կառույցի գործառույթները:
«Այժմ Փաշինյանը փորձում է Վանեցյանին բոլոր ատյաններում պարսավել»,- ասաց Իսագուլյանը։ Նա հետևելով Փաշինյանի ԱՄՆ-ում տված ասուլիսին՝ հասկացել է, որ շուտով սկսվելու է նոր, մեծ հարձակում եկեղեցու նկատմամբ: