28-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է. ոստիկանությունը մանրամասնում է
Սեպտեմբերի 2-ին ոստիկանությունում տեղեկություն ստացվեց, որ Երևանի Բրյուսովի փողոցի 23-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության հետքերով ու վնասվածքներով։
Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես և իրավապահ այլ մարմինների ծառայողներ։
Դիակի զննությամբ պարանոցին ու մարմնի տարբեր մասերին բռնության հետքեր հայտնաբերվեցին։ Պարզվեց, որ սպանվածը 28 տարեկան էր և այդ բնակարանում վարձով էր ապրում։
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, նշանակվեցին փորձաքննություններ։
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։
Սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 50-ի սահմաններում, Վանաձորի հյուրանոցներից մեկում 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Տղամարդը ձերբակալվել է։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումններն ու քննչական գործողությունները շարունակվում են։