Պարզ չի, թե մինչև ուր կգնա ՀՀ իշխանությունը, և ինչքան կդիմադրի Արցախի իշխանությունը. Աղասի Ենոքյան (տեսանյութ)
Փորձ է արվում ՀՀ ներքաղաքական լարվածության մի մասը տեղափոխել Արցախ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա վկայակոչում է այն, որ ՀՀ-ի կողմից ՀԿ-ներին տրվեցին դրամաշնորհները, որպեսզի Արցախի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնեն։ Նա շեշտեց, որ ՀՀ-ում մինչ այս նման բան ի եղել. երբեք Հայաստանը կասկածի տակ չի առել Արցախում կայացած ընտրությունների արդյունքները։
«Պարզ չի, թե մինչև ուր կգնան ՀՀ իշխանությունները, և ինչքան կարող են դիմադրել Արցախի իշխանությունները»,- նկատեց Աղասի Ենոքյանը:
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեսպանների հանդիպման ժամանակ արված հայտարարությանը, թե իրեն Արցախի հարցի հետ կապված ժառանգություն է հասել, ապա քաղաքագետը նկատեց, որ նոր իշխանություններն Արցախի բանակցային գործընթացում միայն հետընթաց են արձանագրել։
«Նրանք առաջ են քաշել մի կարևոր տեսլական, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի մաս, բայց չեն կարողացել հասնել դրան, ավելին՝ մինչև հիմա պարզ չեն այն քայլերը, որով Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Փոխարենն այն կարևոր ձեռքբերումները, որոնք ունեինք, օրինակ՝ պայմանավորվածություններ մոնիթորինգի, վաղ կանխարգելման մեխանիզմերի տեղադրման և այլն, վերացել են օրակարգից»,- ընդգծեց քաղաքագետը: