Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնել է իր հրաժարականի մասին։ Այդ մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Զարգացման շրջանակը ստեղծված է, հիմնադրված է, ուստի ես որոշում եմ ընդունել հրաժարական տալու մասին, քանի որ կարծում եմ, որ այս փուլում ես կատարել եմ իմ առաքելությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բախտաձեն։
Նա շնորհակալություն է հայտնել իշխող «Վրացական երազանք» կուսակցության բոլոր նախարարներին և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին աջակցության և համագործակցության համար ու նշել, որ շարունակելու է մնալ կուսակցության անդամ։ Բախտաձեն Վրաստանի կառավարությունը ղեկավարել է 2018 թ․ հունիսից։ Մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը։
Ըստ օրենքի՝ վարչապետի պաշտոնաթողությունից հետո ամբողջ կաբինետը հրաժարական է տալիս: Նախարարները շարունակում են կատարել իրենց պարտավորությունները մինչ նոր կառավարության կազմի հաստատումը։ Վարչապետի թեկնածություն կարող է առաջադրել ընտրություններում ամենաշատ քվե ստացած կուսակցությունը։ Կառավարության հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը պետք է վստահություն հայտնի նոր թեկնածուին, նրա նախարարների կաբինետին ու ծրագրին։