«Ժողովուրդ». Թորոսյանի համար ծխելը խիստ վտանգավոր է, իսկ Ամուլսարի շահագործումը` ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է. «Ինձ Ամուլսարի հանքի մասով հայտնի չեն ռիսկեր, որոնք կվնասեն մարդկանց առողջությանը»: Թվում է, թե նախարարի այս խոսքերի թիկունքում կան տասնյակ ուսումնասիրություններ, մասնագիտական բազում եզրակացություններ ու տրցակներով փաստաթղթեր, բայց ոչ: Նա հանրության, մասնագիտական շրջանակների կողմից մինչ օրս բարձրաձայնվող որևէ խնդիր լուրջ չի համարում:
Լրագրողների հարցին, թե մասնագետներն ահազանգում են, որ Ջերմուկում, օրինակ, ռադիոակտիվության մակարդակի աճ կա, նախարարն անվրդով ժպիտով պատասխանել է. «Անհանգստանալու առիթ չկա: Չափում չենք արել, քանի որ հանքը չի շահագործվում: Քաջարանում գուցե ավելի խնդիր լինի: Ես այս պահին չեմ տեսնում մոտիվ, պատրվակ՝ չափումներ անելու»: Այսինքն՝ այսքան անհանգստությունները, բարձրաձայնումները մոտիվ չեն նախարարի համար գոնե պաշտոնապես կասկածները փարատելու համար:
Ավելին՝ մեր երկրի ժողովրդի առողջության թիվ մեկ երաշխավորը հայտարարում է. «Երևանի շինհրապարակի փոշին ավելի վտանգավոր է, քան էդ հանքի հնարավոր փոշին, քանի որ բնակավայրից շատ հեռու է»: Ու այստեղ հարց է առաջանում, ի՞նչ է արել նախարար Թորոսյանը երևանցիների առողջությունը պաշտպանելու համար, թե՞ թեման «թոփ չէ», հետևաբար նաև մտածելու բան չկա: Փոշի է, կուլ կտանք, կանցնի, ինչպես եղավ «Վեգայի» հրդեհի ժամանակ, որ նախարարությունը ձկան նման լռեց ու բնակիչներին չասաց՝ ինչպես պաշտպանվեն, երբ այրվում էր այդքան ծավալով ռադիոտեխնիկա:
Մյուս ցնցող միտքը նախարարի տված պատասխանն էր ԱԺ բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահի խոսքերին: Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանն ասել էր. «Որպես իշխանության ներկայացուցիչ՝ ի՞նչ պատասխան ենք տալու մենք 30 տարի հետո, եթե Ջերմուկում առանց թևի երեխա ծնվի»: «Սա չափազանցված հայտարարություն է: Դա շատ անպատասխանատու հայտարարություն է»,- առանց երկմտելու նետել է նախարարը:
Հետաքրքիր է՝ ինչ վստահություն ունի նա, եթե մինչ օրս որևէ չափում չի արել, մասնագիտական եզրակացություն չունի, ինչպես կարող է 30 տարի հետոյի մասին այդքան վստահ պնդում անել: Հիմա ո՞ր հայտարարությունն է ավելի անպատասխանատու:
Այսպիսով պետք է փաստենք, որ նախարարն անհանգստանում է ՀՀ քաղաքացիների առողջությամբ միայն այն ժամանակ, երբ խոսք է գնում ծխելու մասին, քանի որ այդ դեպքում առողջապահության համաշխարհային կազմակերպության դրամաշնորհների հեռանկար կա: Մնացած դեպքերում վտանգ չկա: Եվ եթե պատկերավոր ասենք, ապա ստացվում է, որ մեր երկրում հանք շահագործելն անվտանգ է մարդու առողջության համար, իսկ հանքում ծխելը մահացու վտանգներով է հղի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: