Երկարացվել է Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը
Մոսկվայի քաղաքային դատարանը երեք ամսով` մինչև հոկտեմբերի 28-ը երկարացրել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի խափանման միջոցը։ Այս մասին հայտնում է դատարանի մամուլի ծառայությունը։
Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։
Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկուսը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։