Ուզում ենք բոլորը բարձր տրամադրությամբ ու լավ տպավորություններով գնան մեր երկրից. ինչպես ավարտվեց «Ուրախ մոլորակ» փառատոնը (ֆոտո, վիդեո)
Արդեն 5-րդ անգամ Ծաղկաձորում կազմակերպվում է «Ուրախ մոլորակ» միջազգային փառատոն, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից պարային խմբեր ու անհատ կատարողներ: Թեև տարեցտարի հաշվի առնելով նախորդ տարվա բացթողումները, փառատոնի կազմակերպական աշխատանքները կատարելագործվում են ու մասնակիցները թիվն ավելանում է, սակայն, չգիտես ինչու, այս տարի այն մի քանի ծնողների չի գոհացրել:
Իսկ ավելի կոնկրետ, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած խմբերի երեխաների ծնողները, ինչ-որ ամբիցիաներից ելնելով, որոշել են հրապարակայնորեն ցեխ շպրտել 5 տարվա հետագիծ ունեցող միջոցառման վրա:
Վերջիններիս նախաձեռնությամբ, լրատվամիջոցներից մեկում նյութ է հրապարակվել, որով փորձ է արվել գցել փառատոնի ու նրա կազմակերպիչների վարկանիշը:
Նրանք մասնավորապես նշել են, որ ժյուրին անարդար է և ամեն տարի կողմնապահություն են նկատում:
Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե ամեն անգամ կողմնապահ վերաբերմունք տեսնելով` ինչու են այդ նույն երեխաները կրկին եկել մասնակցելու փառատոնին: Այս հարցը թերևս չհաջողվեց տալ դժգոհ ծնողներին, սակայն նրանց երեխաների պարուսույցները պարզվում է ոչ միայն չեն դժգոհում արդյունքներից, այլև հիացած են հրաշալի կազմակերպված միջոցառման համար:
Ինչ վերաբերվում է ժյուրիին, ապա մասնակիցները և' վերոհիշյալ հրապարակման ներքո թողած իրենց մեկնաբանություններում, և' որոշները նաև NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում են, որ սա երբևէ կազմակերպված ամենարադար միջոցառումներից մեկն է, որին մասնակցել են: Այլ կերպ ասած` փառատոնի վերաբերյալ արձագանքները միայն դրական են, բացասական` զրո արձագանք:
Ներկայացնում ենք այդ մեկնաբանություններից մի քանիսը.
Փառատոնի կազմակերպիչ Ռոբերտ Մկրտչյանի դիտարկմամբ էլ Հայաստանում հաճախ են անցկացվում վատ կազմակերպված փառատոններ, սակայն, նրա խոսքով, սա այդ դեպքը չէ:
Ռոբերտ Մկրտչյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ ժյուրիի անդամներն ամեն տարի փոխվում են: Այս տարի էլ հրավիրվել են 8 տարբեր երկրից ժյուրիի 10 անդամ, որոնցից միայն երկուսն էին ընդգրկված նախորդ տարվա ժյուրիի կազմում:
Ռոբերտ Մկրտչյանը նաև ըմբռնումով է մոտենում այն երևույթին, որ կարող են լինել դժգոհություններ, քանի որ կա մրցակցություն և բոլորը միանշանակ չեն կարող առաջին տեղը զբաղեցնել:
Նա նշեց, որ 10 երկրից հրավիրվել են 35 պարային համույթ, և այդ քանակի մասնակիցների մեջ գրավել 2-րդ ու թեկուզև 3-րդ հորիզոնական` այնքան էլ վատ արդյունք չէ:
«Մրցույթներում բոլորը չէ որ հաղթում են, դա արդեն մրցույթ չի լինի: Բնականաբար այն երեխաները, ովքեր երրորդ կամ երկրորդ հորիզոնականներն են զբաղեցրել, պետք է մի քիչ այլ տրամադրություն ունենային, քան առաջին տեղ զբաղեցրած կամ Գրան Պրի շահած երեխաները, բայց առահասարակ, ընդհանուր մթնոլորտը հրաշալի էր: Իրականում բոլորը ուրախ էին և ուրախ մոլորակ է ստացվել»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա նկատեց, որ բարձր տրամադրություն ապահովելու համար եղել են նաև մրցանակներ այլ անվանակարգերում, որպեսզի բոլորը ուրախ վերադանան:
«Այդ ամենը միանշանակ եղել է ժյուրիի քննարկման արդյունքով, որպեսզի բոլորն իսկապես արժանի լինեն այն մրցանակին, ինչ անվանակարգում այդ մրցանակն ստանում են: Եվ այդ ժամանակ բոլորը ուրախ էին, ու միայն շնորհակալություն էին հայտնում: Բայց հետո պարզվել է, որ դժգոհ են եղել կազմակերպական աշխատանքներից: Ի դեպ, խումբը, որի ծնողները դժգոհ են եղել, մրցանակ է ստացել լավագույն հագուստ անվանակարգում»,-ասում է Ռոբերտ Մկրտչյանը:
Նա չի պատկերացնում, թե ինչու պետք է նման բովանդակությամբ նյութ հրապարակվեր, երբ մրցանակաբաշխության օրը բոլորը շատ գոհ էին ու 3 օր շարունակ էլ Ծաղկաձորում տիրել է ուրախ տրամադրություն, բոլորը հեռացել են բարձր տրամադրությամբ, բայց միևնույն ժամանակ չի բացառում, որ այդչափ մեծ մասշտաբով ու հաջողված միջոցառումը կարող էր շատերին հետաքրքրել ու վարկաբեկող հրապարակումների առիթ դառնալ:
Նա հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր հորիզոնական զբաղեցնող խմբերը եղել են մի քանիսը, քանի որ բոլորի գնահատականները բարձր են եղել և հավասար արդյունքներ են ունեցել: Ինչ վերաբերվում է իր կողմից ղեկավարվող թիմի առաջին տեղ զբաղեցնելուն, ապա Ռոբերտ Մկրտչյանը վստահեցնում է, որ դա միանշանակ ժյուրիի որոշումն է եղել:
«Եթե ես ուզում եմ, որ իմ կազմակերպած փառատոնը լավ հեղինակություն և վարկանիշ ունենա, ես ինչո՞ւ պետք է կողմնապահություն կամ սխալ մոտեցում ցուցաբերեմ: Հաջորդ տարի արդեն ոչ ոք չի ցանկանա մասնակցել միջոցառմանը և այն կտապալվի: Բայց 5 տարվա փորձը ցույց է տվել, որ մասնակիցների թիվը գնալով ավելանում է ու բոլորը դեռ երկար ժամանակ միայն դրական էմոցիաներով են հիշում փառատոնն ու խոսում դրա մասին: Բոլորը շնորհակալություն հայտնելով հեռացել են»,-նշեց Ռոբերտ Մկրտչյանը:
Նկատենք, որ մեր հեռախոսազրույցի ժամանակ Ռոբերտ Մկրտչյանը Լատվիայի խմբի հետ գտնվում էր Սևանում:
«Բերել ենք Սևանը տեսնեն, լավ ժամանակ անցկացնեն ու հանգստանան: Ուզում ենք բոլորը բարձր տրամադրությամբ ու լավ տպավորություններով գնան մեր երկրից»,- եզրափակեց նա:
Արմինե Մկրտումյան
Փոքրիկ կտորներ` փառատոնից.