ՄԻՊ գրասենյակը զբաղվում է ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանի ահազանգով
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Անի Խաչատրյանի և Թեհմինա Վարդանյանի, փաստաբան Նինա Կարապետյանցի ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Երևանում գտնվող մի բնակարանից քաղաքացիների վտարման իրականացման վայր։
Ըստ ահազանի՝ բնակարանում գտնվում են նաև երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Ոստիկանության հետ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է, որ լարված իրավիճակ է Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում, որտեղ ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել բնակարանի փակ դուռը: Նրանք բռնի ուժ են գործադրում ավագանու անդամի նկատմամբ, որը փորձում է խոչընդոտել նրանց մուտքը բնակարան:
Վերջինի խոսքով՝ դատարանը կայացրել է որոշում, որի համաձայն, անվավեր է ճանաչվել 7 տարի առաջ մահացած մարդու կտակը:
Դատարանի որոշում կա, որպեսզի դադարեցվեն ոստիկանության անօրինական գործողությունները, բայց ոստիկանները փորձում են բացել դուռը, որտեղ երեք անչափահաս երեխաներ կան, նրանցից ամենափոքրը 20 օրական է, միջնեկը 3 տարեկան, մեծը՝ 7 տարեկան, մայրն էլ կեսարյան վիրահատություն է տարել: