«Անդրանիկը ես եմ». բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն կալանավորված ոստիկանի (տեսանյութ)
Այս պահին բողոքի ակցիա է ընթանում Երևանի Բաղրամյան պողոտայում. մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի դիմաց «Ազատություն Անդրանիկին», «Անդրանիկը ես եմ» վանկարկումներով պահանջում են ազատ արձակել օրերս կալանավորված ոստիկան Անդրանիկ Խաչատրյանին։
Մասնակիցների պնդմամբ՝ ակցիան ինքնաբուխ է, և իրենց պահանջը գլխավոր դատախազից՝ ազատ արձակելն է ոստիկանին, ով ընդամենը վարչապետի հանձնարարությունն է կատարել։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարել էր հայտնաբերել «սևազգեստ խմբերին», «ծաղկավոր բաբոչկաներ» կապել նրանց և վերադարձնել օրինավոր կյանքի։
Հենց այդ գիշեր տեղի էր ունեցել ոստիկանի հետ կապված միջադեպը. երկու ոստիկանները տարածքը փակելու ժամանակ բաժին էին տարել մի տղամարդու, ով, պարզվել էր, որ տարածքի օգտագործողն է և ազատ էր արձակվել։ Ըստ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ տուժողն իր մտերիմն է, իսկ նրան խոշտանգել են մի քանի ոստիկաններ։