Դատական հայցը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ չէ. պարզաբանում
Խուլերի միավորման նախագահի դատական հայցը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ չէ: Այս մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարը:
Պարզաբանման մեջ ասվում է.
«Մի շարք լրատվամիջոցներ այսօր, մամուլի տեսությունը ներկայացնելիս, նշել էին, որ Խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի դեմ:
Այս առնչությամբ պարզաբանենք, որ դատական հայցը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ չէ. խնդիրը վերաբերում է արդարադատության նախարարի կողմից կայացված վարչական ակտի բողոքարկմանը:
Նշենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավասու է վարչական ակտը բողոքարկել վարչական կամ դատական կարգով:
Այս պարագայում, վարույթի մասնակիցը իրացրել է իր իրավունքը՝ դատական կարգով բողոքարկելով նախարարի կողմից կայացված վարչական ակտը: Ինչ վերաբերում է խնդրի էությանը, տեղեկացնենք, որ նախարարի կողմից քննարկվող վարչական ակտը կայացվել է բողոքի հիման վրա իրականացված վարչական վարույթի արդյունքում: Գտնում ենք, որ այն հիմնավոր է»: