Ձախ Հարութն ու ձախողված կազմակերպիչները․ փայլն ու թշվառությունը՝ մեկտեղված
Երեկ «Հրազդան» մարզադաշտում Հարություն Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի «30 տարի անց» խորագրով մենահամերգն էր։ 30 տարի առաջ «Հրազդանի» լեփ-լեցուն մարզադաշտի հանդիսականը մեծ ոգևությամբ էր վերադարձել՝ վերապրելու նախորդ համերգի հույզերն ու զգացողությունները։ Սակայն, մարզադաշտ եկածներին արդեն մարզադաշտի մուտքից մեծ հիասթափություն էր սպասվում․ ո՛չ, խոսքն ամենևին էլ երբեմնի հսկա հյուրընկալի ողբերգական վիճակի մասին չէ․ խոսքը կազմակերպիչների, մեղմ ասենք, արհամարհական վերաբերմունքի մասին էր՝ առ հանդիսատես։
Կարգավարների բացակայություն
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր փակ վայրում, ուր ներկայացումներ, ֆիլմեր են ցուցադրվում, հանրային միջոցառումներ են կազմակերպվում՝ համերգ, ֆուտբոլային խաղեր և այլն, հատկապես մեծ մարզադաշտերում, գործում են վերապատրաստում անցած կարգավարներ, ովքեր հանդիսատեսին ուղղորդում են, թե որտեղ է իրենց տոմսի համապատասխան տեղը։ Կարգավարների գործառույթը համերգի կազմակերպիչները թողել էին ոստիկանների ուսերին, ովքեր էլ, բնականաբար, մի կարգին տեղյակ չէին տեղերին․ տոմսերը ձեռքին հանդիսատեսը հսկայական մարզադաշտի մի ծայրից մյուսն էր վազում՝ չիմանալով, թե որտեղից պետք է մուտք գործի մարզադաշտ․ մի ոստիկանը աջ էր ուղարկում, մյուսը՝ ձախ։
Անվտանգություն
Կրկին նոր բան ասած չենք լինի, եթե ասենք, որ զանգվածային միջոցառումների ժամանակ միջոցառման կազմակերպիչները՝ ոստիկանության աջակցությամբ, պարտավոր են ապահովել մասնակիցների անվտանգությունը։ Կրկին խայտառակ տեսարանի ականատես եղանք մարզադաշտ մտնելիս․ չէր ստուգվում որևէ մեկը, որևէ մեկի պայուսակի տարողությունը։ Այլ խոսքով՝ Աստված մի արասցե, եթե որոշ «սևազգեստներ» որոշեին, ասենք, ահաբեկչություն իրականացնել մի քանի տասնյակ հազար մարդու մեջ, կանեին դա իրենց ուզած պահին ու եղանակով։
Ցեխոտ նստարաններ․․․
«Հրազդան» մարզադաշտը, որը գրեթե ամբողջովին բացօթյա է, և ուր չենք էլ մտաբերում, թե վերջին անգամ երբ է այսպիսի զանգվածային միջոցառում տեղի ունեցել, անասելի փոշոտ էր։ Առաջին արտահայտությունը, որ, ասենք, 5 կամ 10 հազար դրամ վճարած հանդիսականն անում էր իր նստարանին մոտենալիս, հետևյալն էր․ «էս ի՜նչ կեղտոտ ա, անձեռոցիկ չունե՞ք»։ Ու,վա՜յ, եթե չուներ ինչ-որ մեկը․ ստիպված էր նստել տարիների փոշուց ու անձրևից գոյացած փոշու, ու անձրևից հետո էլ՝ նաև ցեխի վրա։ Խնայել էին մի քանի հազար դրամն ու մաքրուհիներ չէին վարձել, որպեսզի մարզադաշտ եկած հանդիսականը փոքր-ինչ հարգանք զգար իր հանդեպ։
Մեկնարկը՝ 1 ժամ ուշացումով
Եղանակային անբարենպաստ պայմանները՝ քամին ու անձրևը, համերգի կազմակերպիչներին նույնիսկ չէին ստիպում համերգը մեկնարկել ու ավարտել ժամանակին․ ի սկզբանե հայտարարված ժամը 19։00-ից միայն 1 ժամ անց՝ 20։00-ին միայն այն սկսվեց, որովհետև կրկին անկազմակերպ լինելու պատճառով հանդիսատեսը չէր կարողանում ժամանակին հասնել մարզադաշտ։
Կիսադատարկված մարզադաշտ՝ հրավիրված երգիչների պատճառով
Թեև ուշացումով, սակայն համերգը մեկնարկել էր մեծ խանդավառությամբ, հնչում էին Ձախ Հարութի սիրված երգերը, և թվում էր՝ ամեն ինչ հրաշալի է։
Միայն թե, մի քանի երգից հետո, հայտնվեցին համերգի հյուրերը ու մինի մենահամերգներ կազմակերպեցին․ նախ Արմենչիկը «Փարվանա»-ի վերածեց «Հրազդանը», ապա Արման Հովհաննիսյանը շարունակեց «ռաբիս փարթին», իսկ Լիլիթ Հովհաննիսյանի ծղրտոցները վերջնականապես հատեցին մարզադաշտի մեծ մասի համբերությունը, և նրանք լքեցին մարզադաշտը։ Եվս մեկ հրավիրյալի՝ սփյուռքահայ երգիչ Անդիի երկար-բարակ ճառերը ևս հունից հանեցին ոմանց, և հոսքը մարզադաշտից շարունակվեց։ Ոմանք կարծում էին նույնիսկ, թե Ձախ Հարութն այլևս չի երգի, իսկ մյուսներն իրենց երգերով հանդերձ արդեն հոգնեցնում էին։ Իսկ Հարութը վերադարձավ ու մարզադաշտը խղճուկ վիճակում տեսավ։
Ռազմիկ Ամյանի բացակայությունը․․․
Որքան էլ դժգոհենք հրավիրված երգիչների՝ սեփական համերգ կազմակերպելուց, այնուամենայնիվ, հյուրերի ցանկում էր երգիչ Ռազմիկ Ամյանը, ով այդպես էլ չներկայացավ համերգին։ Պատճառներում կարելի է նույնիսկ քաղաքական ենթատեքստ փնտրել ու գտնել․ այդ օրը Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր, Ռազմիկ Ամյանը երգ էր նվիրել նրան, իսկ գործող վարչապետի թիմը՝ նախարարի մակարդակով, լծված էր նրան «սևացնելու» գործին։ Համերգին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր ներկա․․․
Չենք պնդում, թե ամեն ինչ հենց այդպես է, բայց սա հաստատապես հեռու չէ իրականությունից։ Փաստորեն, այստեղ ևս կազմակերպիչների աջ ձեռքը չգիտեր, թե ինչ է անում ձախը․ նույնիսկ Եղոյանն անձամբ է խոստովանել, թե ամբողջ ընթացքում սպասել են Ամյանին, իսկ նա չի եկել։
Իբրև վերջաբան․․․
Ձախ Հարութը, որքան էլ ոմանց սրտով չլինի, հայ ժողովրդի վերջին 30-40 տարվա շրջանում լեգենդ է դարձել, նա այն Հարութն է, որ հսկա «Հրազդանն» է պայթեցրել դեռևս 1989-ին, երբ երկրաշարժի ցավը ժողովրդի սրտում դեռ թարմ էր, և նա արժանի չէր այն դատարկված լսարանին, որին, ցավոք, արժանացավ։ Բայց արժանացավ միայն ու միայն պրոդյուսերական թափթփված աշխատանքի հետևանքով, իսկ դրանով զբաղվել է հենց Խաչիկ Եղոյանի Yeghoyan Production-ը։ Իհարկե, Ձախ Հարութը մնում է ու մնալու է որպես յուրօրինակ մեկը, որքան էլ ոմանց կողմից նա որակվի որպես ռաբիս երգիչ, Հարութը փայլել է ու էլի փայլելու է, որքան թույլ կտա առողջությունը, բայց կազմակերպիչների «գռդոնչիությունը, միևնույն է, ստվեր է գցելու «30 տարի հետո»-ի վրա․․․