«Հրապարակ». Նեղ մաջալին՝ թանկ ու կասկածելի գնով աղբամաններ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքապետարանն էս նեղ մաջալին պատրաստվում է մեծ քանակով ու բավականին թանկ աղբամաններ ու նստարաններ գնել։
Իսկ Երևանի ավագանու նախորդ ընտրարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․
«Կասկածելի գներով են ձեռք բերում, պետք է նայենք՝ որքանով են այդ գները տրամաբանական. ասենք` էս նստարանի ամեն մի հատի համար վճարվում է 160 հազար դրամ, չեմ կարծում՝ էդ նստարանն էդքան արժենա, ավելորդ ճոխություն է»:
Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ կատարվե՞լ է արդեն 500 թանկարժեք նստարանների գնումը։
«Գնումը հայտարարվել է, մրցույթը շահողն արդեն կա»:
Ո՞վ է։
«Նույն այն կազմակերպությունը, որը շահել էր նաև նախկինում»:
Տարոնի «վա՞խտ»։
«Այո, ընդ որում՝ վերջինս ներկայացրել է նույն գինը` 160 հազար դրամ, ինչի առնչությամբ, այո, ժամանակին քաղաքապետի մեր թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խիստ կասկածելի են։ Ի դեպ, գնման տեխնիկական բնութագրերն այսօր ևս նույնն են»:
Պատճառը ո՞րն է։
«Կարծում եմ՝ քաղաքապետի կողմից առանց լրացուցիչ ուսումնասիրության է մրցույթը հայտարարվել։ Քաղաքապետը կա՛մ պետք է հիմնավորի, ասի` դա նորմալ գին է, ինչը նշանակում է` Փաշինյանը սխալ էր, կա՛մ բացատրի, թե ինչպես դա տեղի ունեցավ, և ինչու նույն կազմակերպությունը նաև այսօր «հաղթեց»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում