Պատգամավորներն իրենք իրենց աշխատավարձն են բարձրացնում
Ազգային ժողովի երկու իշխանական պատգամավոր՝ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը, կառավարությանն առաջարկել են նվազագույն աշխատավարձը 55 000-ից բարձրացնել 63 000, կառավարությունն էլ առաջարկում է դարձնել 68 000:
Նախագիծը դեռ ընդունված չէ. այն պետք է քննարկվի ԱԺ-ում, բայց առաջին հայացքից այս բարեհոգությունը այլ տողատակ ևս ունի, որը, հավանաբար, կդառնա ընդդիմադիրների հիմնական խաղաքարտը Ազգային Ժողովում:
Մի կողմ դնելով հարցը, թե մեր բյուջեն իրեն նման ճոխություն կարո՞ղ է թույլ տալ, թե՞ սա «երկրում իրավիճակ է փոխվել» եզրույթը պահպանելուն ուղղված քայլ է, պետք է երազկոտ քաղաքացիներին հիշեցնել, որ պետական պաշտոնյաների աշխատավարձը որոշվում է ըստ բազային աշխատավարձի։
Օրինակ՝ ԱԺ պատգամավորը ստանում է նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափ աշխատավարձ, նախարարները՝ 12-ապատիկի չափ, հետևաբար, եթե այս փոփոխություններով նվազագույն աշխատավարձը կազմի 75.7 հազար դրամ, կստացվի, որ մեր ազգընտիրները աշխատավարձ կստանան ոչ թե այսօրվա պես 661.4 հազար դրամ, այլ՝ 757 հազար դրամ։
Ի՞նչ է ստացվում՝ «մի կողմից եղում են, մյուս կողմից՝ դեղում»: Սա ամենալավ ճանապարհն է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար: Ոչ ոք իրեն թույլ չի տա ընդդիմանալ նվազագույն աշխատավարձ ստացող մարդկանց փողն ավելացնելու հարցում, գիտակից հանրությունն անգամ ուրախանում է, որ 80.000 մարդ կունենա աշխատավարձի բարձրացում, բայց դրան զուգահեռ և ավելի շատ՝ փոփոխությունից կօգտվեն բարձրաստիճան պաշտոնյաները:
Մնաց հուսալ, որ նախագծում փոփոխություններ կարվեն, հակառակ դեպքում՝ առանց այդ էլ անտանելի դարձած իշխանականներն ավելի շատ կազդեն մարդկանց հոոգեբանության վրա: Չէ՞ որ այսքան խնդիրների և ծով աղքատության մեջ ապրող հանրության ֆոնին այդքան բարձր աշխատավարձերը անխղճություն կլինեն:
NEWSPRESS.am