Կա՛մ մեր գյուղերը թող տեղահան անեն, կամ ՀԷԿ-երը փակեն. թունավոր նյութերից հողը չորանում է, բերքը՝ վարակվում (տեսանյութ)
Կա՛մ թող մեր գյուղի տեղը փոխեն, կա՛մ ՀԷԿ-ը փակեն: Այս պահանջով կառավարություն էին եկել Արագածոտնի մարզի 6 գյուղի բնակիչներ:
Վերջիններս ցանկանում էին տեսնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ միայն նրան հետ էին կապում իրենց խնդրի լուծումը:
Խնդիրը 10 տարվա պատմություն ունի. 2008 թվականից երկու ՀԷԿ է աշխատում Գեղարոտ գետի վրա, ինչի հետևանքով հողը և շրջակա միջավայրն աղտոտվել են։
«Հողատարածքները վարակվել են. ամբողջովին ծծումբ, ժանգ, քիմիական բազմաթիվ թունավոր նյութեր անմիջապես Արագածի խառնարանից լցվում են մեր հողամասերը»,- լրագրողների հետ զրույցում ասում է գյուղացիներից Գեղամ Սարգսյանն ու դիմում համագյուղացիներին. «Էն կարտոշկեն բերել եք, չէ՞, հլա բերեք ցույց տանք: Էն մեր խմելու պղտոր ջուրն էլ ցույց տվեք»,- ասում է ու դարձյալ հավելում. «Կերան էս վեց համայնքի տնտեսությունը, քանդեցին»:
Համագյուղացիները լրագրողներին են ցույց տալիս նմուշները: Նրանք նաև երկու քար ցույց տվեցին. «Տեսնո՞ւմ եք, էս մեկը նորմալ քար ա, էդ ՀԷԿ-ը կառուցելուց առաջվա քար ա, իսկ էս մեկը ժանգոտել ա»:
Խնդրի լուծման ակնկալիքով բնակիչներն արդեն տարիներ շարունակ դիմում են տարբեր ատյաններ, սակայն դեռ արդյունք չկա:
2018-ի նոյեմբերին, Փաշինյանի այցից հետո, ժամանակավորապես կասեցվել է ՀԷԿ-երի աշխատանքը, սակայն 2019 թվականի փետրվարին իրենց համար անհասկանալի պատճառներով կրկին վերագործարկվել է:
Գյուղացիները կարտոֆիլ չեն կարողանում աճեցնել, ջուրը տվել են փորձաքննության, որն էլ հաստատել է, որ այն խմելու և օգտագործելու համար պիտանի չէ:
NEWSPRESS.am-ի հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, եթե վարչապետը չընդունի իրենց կամ խնդրին դրական լուծում չտա, գյուղացիները պատասխանեցին. «Նստացույց կանենք, ու մեր ընտանիքներն էլ կգան մեզ հետ նստացույց կանեն: Հնարավոր չէ այսպես»:
Մանրամասները՝ տեսանյութում