«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ԱԺ նախագահը իրավունք կունենա մասնակցելու ԱԽ նիստերին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ է հանդես եկել:
Ինչպես հայտնի է, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Այդ նույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաև վարչապետի հրավիրած այլ անձինք։
Երբ այդ օրենքի նախագիծը քննարկվում էր դեռևս վեցերորդ գումարման խորհրդարանում, ընդդիմության կողմից քննադատության արժանացավ այն հանգամանքը, որ Ազգային ժողովի նախագահը չկա Անվտանգության խորհրդի կազմում այն դեպքում, երբ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, և խորհրդարանի դերը մեծացել է: Եվ, ահա, արդեն յոթերորդ գումարման խորհրդարանում իշխանական խմբակցության պատգամավորը հանդես է եկել համապատասխան փոփոխությամբ և օրենքում ցանկանում է ամրագրել, որ Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը:
Նշենք, որ նախագիծը խորհրդարանին ներկայացվել է մայիսի 30-ին և դեռ վարչություններում չի ենթարկվել փորձաքննության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: