Հրայր Թովմասյանին պետք է խստագույնս պատժել
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ սահմանադրության 7-րդ գլուխը վերաբերում է դատարաններին (այդ թվում նաև՝ սահմանադրական), ինչպես նաև բարձրագույն դատական խորհրդին:
Սահմանադրության 213-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Իսկ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ …սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը:
Հրայր Թովմասյանը ՀՀ սահմանադրական դատարանի անդամ է ընտրվել 2018թ. մարտի 2-ին, իսկ մարտի 16-ին ընտրվել է դատարանի նախագահ այդ պահին դեռևս գործող իրավակարգավորումների հիման վրա:
Ներկայում գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն ուժի մեջ է մտել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ դառնալուց հետո՝ 2018թ. ապրիլի 9-ին, ուստի նշված օրենքին վկայակոչելը այս դեպքում տեղին չէ:
Վերը նշված նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ իմ կողմից հարգված Վահե Գրիգորյանի այսօր արված հայտարարությունն առավել խորը մեկնաբանման կարիք ունի: Ցանկալի կլինի, որ նա հանդես գա առավել համապարփակ հիմնավորումներով:
Այդուհանդերձ, անկախ Հրայր Թովմասյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, իսկ ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանին պետք է խստագույնս պատժել այսպիսի սահմանդրություն մեր ժողովրդի ու պետության վզին կախելու համար, գտնում եմ, որ նրա՝ սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելը կատարվել է այդ պահին գործող նորմերով: Այլ հարց է, որ այդ ամենի նկատմամբ մեզանից յուրաքանչյուրն ունի իր ուրույն կարծիքը:
Իսկ ավելի պարզ, եթե խնդիր է դրվել ամբողջովին փոխել սահմանադրական դատարանի կազմը, ապա պետք է գտնել այլ ուղիներ՝ հարցը լուծելու համար…»: