Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին: Դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել նաև Գործով անցնող մյուս մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը:
Պաշտպանների որակմամբ, Արմեն Դանիելյանը Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու համար օրենքի հիման վրա ստեղծված դատավոր չէ: Վերջիններս բացարկ են հայտնել դատավորին և միջնորդել, որ նա ինքնաբացարկ հայտնի:
Այս հայտարարությունից հետո դատարանը գնացել էր խորհրդակցական սենյակ: Արմեն Դանիելյանն ընթերցեց դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ մերժում է ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»–ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները: