«Դուխդ տե՞ղն ա, Ալի՛կ». Քոչարյանի աջակիցները հեգնեցին հակաքոչարյանականներին (ֆոտո)
Մինչ Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը, դատարանի դիմաց շարունակվում են բողոքի ակցիաները:
«Հերոս Քոչարյան» վանկարկելով ու «Նախագահ Քոչարյան» պաստառներով Քոչարյանի աջակիցներն սպասում են դատական նիստի ավարտին: Նրանք նաև իրենց հետ բերել են պաստառներ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ նախկին անդամ, ներկայումս դեսպան Ալիկ Արզումանյանի նկարով:
Այն պահին, երբ Քոչարյանի դեմ պայքարող քաղաքացիները բացականչեցին «Քոչարյան հանցագործ», ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները հեգնեցին. «Դուխդ տե՞ղն ա, Ալի՛կ»:
(Վերջիններս նկատի ունեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալիկ Արզումանյանի հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակաշրջանում: Մարտիմեկյան սպանություններից հետո, Լ. Տեր-Պետրոսյանը հեռախոսազրույցի ժամանակ հարցրել է՝ «Դուխդ տե՞ղն ա, Ալի՛կ, դուխդ տեղը պահի»- հեղ.):