Քոչարյանը դատարան է մտել այլ մուտքով՝ անվտանգությունից ելնելով. Հայկ Ալումյան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, այսօր վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:
Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատավարության ընթացքում հարց բարձրացրեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը դատարանի փակ գոտուց է մտնում նիստերի դահլիճ։
Ավելի ուշ, արդեն լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բարձրացված հարցին, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արման Օրբելյանը նկատեց, որ դա արվում է անվտանգության նկատառումով: Իսկ մյուս պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ այդպես անհրաժեշտ է համարել Քոչարյանի անվտանգության ծառայությունը։
«Առաջին անգամ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը դատարան է մտնում այլ մուտքով։ Ռոբերտ Քոչարյանը, երբ եկել է դատարան, մտել է այն մուտքով, որով անհրաժեշտ է համարել իր անվտանգության ծառայությունը»,- ասաց նա։
Հայկ Ալումյանը նկատեց նաև, որ դատախազությունը սխալ պատկերացում է կազմել Քոչարյանի նիստերի դահլիճ մտնելու հետ կապված:
«Դատախազությանը թվացել է, թե պարոն Քոչարյանը դատարանի նիստերի դահլիճում գտնվող դատավորի համար նախատեսված դռնից է ներս մտել, սակայն պարոն Քոչարյանն ուրիշ դռնով է մուտք գործել դատարան և դահլիճ մտել այն դռնով, որով որ բոլորս ենք մտել։ Այն մտավախությունը, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճ է մտնում նույն դռնից, ինչ դատավորը, թող դատախազությունը չունենա»,- ասաց Հայկ Ալումյանը: