Արմանը հայի պատիվն է պահել. ՌԴ-ն արտահանձնում է ադրբեջանցուն սպանած հային, ՀՀ-ն մերժում է. բողոքի ակցիա (տեսանյութ)
Մի տարի է` Ռուսաստանն արտահանձնում է ադրբեջանցու սպանության համար դատապարտված Արման Առաքելյանին, սակայն Հայաստանը չի ընդունում։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասացին Արմանի մտերիմներն ու մի խումբ քաղաքացիներ, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց։ Նրանք նկատում են, որ ՀՀ արդարադատության բռնած վարքագիծն այս պարագայում ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ և ընդունել։
«Հեղափոխության երկրորդ-երրորդ օրն էր ՀՀ-ն ստացել նամակը, որ կարող են արտահանձնել Արման Առաքելյանին։ Լավ, ասենք թե խառն էին էդ ժամանակ ու էդ նամակին ուշադրություն չեն դարձրել, բայց դրանից հետո էլի՛ են դիմել մի քանի անգամ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, ով ներկայացավ որպես Արմանի ընկեր և հայ քաղաքացի, ում համար պատվի խնդիր է Արմանի արտահանձման հարցը։
Նա պատմեց, որ Արմանն ադրբեջանցուն սպանել է, քանի որ նա անարգել է հայերին ու հայկականը:
Եղելությունը ներկայացնող Հայկ Ավետիսյանը պատմեց, որ ապանվածի եղբոր տղան, մտնելով Արման Առաքելյանին պատկանող ռեստորան, մուղամ է պատվիրել։ Խնդիրներից խուսափելու համար նրան պարզապես դուրս են հրավիրել։
Հաջորդ անգամ ադրբեջանցին մտել է ռեստորան ու հայհոյել և հատակին գցել Շառլ Ազնավուրի՝ պատից կախված նկարն ու ոտատակ տվել այն։ Այս անգամ բանը քաշքշոցներին է հասել, ու դարձյալ ադրբեջանցուն հեռացրել են տարածքից: Դրանից հետո, նրա հորեղբայրն է եկել հանդիպելու Արմանին, ինչն ավարտվել է սպանությամբ։
«Արդարադատության նախարարությունը մեզ պատասխանում ա, որ նպատակահարմար չեն գտնում Արմանին բերել Հայաստան: Բայց ինչի՞, որևէ մեկը կարո՞ղ ա ասի, թե էդ ինչի նպատակահարմար չի»,- ասում են ակցիայի մասնակիցներն ու պահանջում հարցի շուտափույթ լուծում։
Մանրամասները՝ մեր տեսանյութում.