Տաքարյուն երիտասարդը բերանից թռցրեց այն, ինչ լեզվի ծայրին էր․ ինչ հետևանք դա կունենա
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Աբովյանում կրած պարտությունից հետո, շարունակում է մեղավորների փնտրտուքը։
Պետրոսյանը հարց է առաջադրում՝ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել Աբովյանում Գրիգոր Գուլյանի թեկնածությունը, այդ դեպքում ինչո՞ւ ՔՊ վարչության որոշումը, որն անբեկանելի է իրենց համար, ի կատար չի ածվել Սասուն Միքայելյանի կողմից։
Պետրոսյանը փաստում է՝ Սասուն Միքայելյանը չի աջակցել ՔՊ-ի թեկնածուին, ուստի չի բացառում, որ գուցե այդտեղ է թաքնված նաև իրենց պարտության պատճառը։
Սա Ռոմանոս Պետրոսյան-Սասուն Միքայելյան մենամարտի նոր «ռաունդն է», որի մեկնարկը տրվել է Հրազդան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ այդ ընտրություններում հաղթեց ոչ թե Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուն, այլ Սասուն Միքայելյանի որդին։
Դեռ այդ ժամանակ մամուլը գրեց, որ բավականին լարված են մարզպետի և Սասուն Միքայելյանի հարաբերությունները, ինչը հնարավոր բոլոր խողովակներով փորձում էր հերքել Պետրոսյանը։
Այս տաքարյուն երիտասարդին, սակայն, չհաջողվեց հավատացնել, որ Սասուն Միքայելյանի հետ ունի բարիդրացիական և գործընկերային հարաբերություններ, իսկ որ այդ հարաբերությունները չկան, փաստեց նաև այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
Թե ում նախապատվություն կտա Նիկոլ Փաշինյանն այս «մենամարտում» և ով կփակի դուռն իր հետևից, հայտնի կդառնա ավելի ուշ կամ գուցե սպասվածից շատ ավելի շուտ, եթե Ռոմանոս Պետրոսյանը շարունակի բերանից թռցնել այն, ինչը լեզվի ծայրին է։
Ստեղծված իրավիճակում կողմերին հանդարտացնելու և հանգիստ տեղները նստեցնելու կարևոր գործը վերապահված է Նիկոլ Փաշինյանին, ում ստեղծած բուրգն օր օրի ճաք է տալիս։
Ճաքերը խորանում են թե՛ ներսից, թե՛ դրսից՝ մոտեցնելով բացառապես խոսքի և ոչ թե գործի վրա ձևավորված իշխանության անկման պահը։
NEWSPRESS.am