Մինչև վարչապետը չհրահանգի, քաղաքապետարանում աթոռից հետևները չեն բարձրացնի աշխատեն. կոնդեցիները բողոքում են (տեսանյութ)
Ամենախեղճ ու սնանկ մասսան ա Կոնդում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին Կոնդի բնակիչները, ովքեր եկել էին կառավարության դիմաց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով:
«Էս խնդիրը հայոց պատմությունն է, մեզ հետ ա ծնվել: Էն ժամանակ, երբ ոչ մի լրատվամիջոց չէր լուսաբանում, մենք մեր բաց նամակները տարել ենք տվել «Հայկական ժամանակ» թերթին, իրենք լուսաբանել են: Էնպես որ վարչապետը էս խնդրի մասին շատ լավ էլ գիտի»,- ասացին կոնդեցիները:
Նրանք պահանջում են նոր չափագրում անել և դրա համար հանձնաժողով ստեղծել։
Բնակիչների խոսքով` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով` 30-50 հազար դրամ վճարելով չափագրումներ կատարել: Բնակիչները բողոքում են, որ իրենց կատարած չափագրումները Կադաստրի պետական կոմիտեն չի ընդունում` որպես սեփական տարածք չի գրանցում:
Կոնդեցիներին հանդիպեց կառավարության ներկայացուցիչը, ով հայտարարեց, թե քաղաքացիները չգիտեն իրենց իրավունքներն ու սխալ ուղղությամբ են ներկայացնում խնդիրը: Նրա այս հայտարարությունը բորբոքեց բնակիչներին: Նրանք նշեցին, որ պետության թույլ տված սխալների համար իրենք պարտավոր չեն կրկնակի վճարել ու իրենց հաշվին նոր չափագրում անել: Իսկ երբ կառավարության ներկայացուցիչը կոնդեցիներին հորդորեց այս հարցով դիմել քաղաքապետարան, վերջիներս ավելի բորբոքվեցին: Նրանք նկատեցին, որ բոլորն սպասում են վարչապետի հանձնարարականին:
«Գնացել ենք, դիմել, բայց ոչ մի բան չեն արել. մինչև վարչապետը չհրահանգի՝ ոչ մեկ աթոռից հետևները չեն բարձրացնի աշխատեն»,- ասաց բնակչուհիներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում