Աբովյանում գիշերը հրկիզել են ՔՊ-ի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու ավտոմեքենան․ կա վիրավոր (ֆոտո)
Այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 28 շենքի մոտակայքում այրվում է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 04:23-ին:
Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և դիմացի անվադողերը՝ մասամբ:
Քաղաքացի Հ.Ս.-ն (ծնված 1993 թ.) ստացել է ձեռքերի այրվածքներ և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Shamshyan.com-ի տեղեկություններով էլ՝ նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է: Մինչ հրշեջների ժամանումը Վ. Սարիբեկյանի տղան` 26-ամյա Հարություն Սարիբեկյանը, փորձել է մարել կրակը, ով ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել և տեղափոխվել Աբովյան բժշկական կենտրոն:
Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Դեպքի լրացուցիչ զննություն են կատարում քննիչները և փորձագիտական կենտրոնի մի քանի փորձագետներ։