Ինչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երեկ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում եղել են հայ-ռուսական հարաբերությունները։
Ըստ Պեսկովի՝ տեղի է ունեցել մանրակրկիտ ու առարկայական խոսակցություն երկկողմ հարաբերությունների օրակարգով՝ ներառելով առևտրա-տնտեսական գործակցությունը և այլն։ Պեսկովը շեշտել է, որ խոսակցություն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, չի եղել։ Հանդիպումից օրեր առաջ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կրկին խոսել են երկկողմ հարաբերություններից, համատեղ նախագծերից, բիզնես ծրագրերից, ստորագրելիք պայմանագրերից, բայց՝ ոչ Ղարաբաղից։ Ինչ-որ շատ հետաքրքիր ձևով, Կրեմլը փորձում է զատվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ իր ուղղակի մասնակցությունից, հանդես գալով արդեն որպես միայն համանախագահ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունում։ Գոնե այդպիսին է տպավորությունը, որ կարելի է ունենալ վերջին շրջանի զարգացումներից։
Պեսկովը իր հայտարարության մեջ հիշատակել է երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունները, երկկողմ գործակցությունը։ Սա, իհարկե, հայ-ռուսական հարաբերությունների քեյսում կարելի է համարել ավանդական օրակարգի բաղկացուցիչ, սակայն այժմ կարծես թե նոր գուներանգներով է այն ներկայանում քննարկումներում։ Բանն այն է, որ այն բանից հետո, երբ Կրեմլի ղեկավարի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը կայանալու է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ռուսական կապիտալը ներկայացնող «Գազպրոմ-Արմենիա»-ին տուգանեց 10 միլիոն դրամով, իսկ ռուսական կապիտալ ներկայացնող ևս մեկ ընկերության՝ ՀԷՑ-ին էլ՝ զգուշացում տրվեց։ Սա համարել պատահական համընկնում՝ չի կարելի։ Ավելի շատ սա նման է ինչ-որ «ատամ ցույց տալուն», հատկապես, որ Պուտինի հետ հանդիպման իր՝ այսպես ասած՝ «բացման խոսքում» Փաշինյանը բավական թափանցիկ ակնարկներ անում էր, որ չպետք է արվեն քայլեր, որոնք դրական տնտեսական աճի դինամիկան կկոտրեն։
Ըստ էության, հանդիպումից առաջ Փաշինյանը փորձեց հարձակում իրականացնել Հայաստանում առկա ռուսական կապիտալի վրա՝ ինչ-ինչ շահեր հետապնդելով։ Դժվար է ասել, թե ինչպես դրան վերաբերվեց Կրեմլը, կամ, այսպես ասած՝ հարձակման մեսիջները տեղ հասա՞ն, թե՝ ոչ։ Շատ ավելի հավանական է, որ ազդեցություն թողած չլինի, քանի որ Հայաստանն արդեն արտաքին աշխարհում ունի լրջագույն խնդիրներ այլ երկրի կապիտալով աշխատող ընկերությունների հանդեպ վերաբերմունքի մասով։ Հերթականը, այն էլ մոլորակի ամենամեծ կորպորացիայի հետ պրոբլեմը, որը նաև մոնոպոլ գազամատակարար է գոնե առաջիկա մի քանի տասնամյակի կտրվածքով, Հայաստանի համար, Փաշինյանին ոչ մի կերպ ձեռնտու չէ։
Բացի այդ, հայ-ռուսական հարաբերությունների, այսպես ասած, «Փաշինյանական տարին» աչքի է ընկել Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների վրա հենց այդպիսի հարձակումներով, և ռուսական կողմն արդեն որոշակի իմունիտետ է ձեռք բերել «շանտաժային բառապաշարի» հանդեպ։
NEWSPRESS.am