«Փողախեղդի» տարբերակը չպետք է լինի. Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ գրավի և ՄԻԵԴ դիմելու մասին
«Մենք ասել ենք՝ Մանվել Գրիգորյանի կալանքի տակ գտնվելն իրավաչափ չէ, իսկ հիմա, երբ առողջական վիճակի վատթարացումն ակնհայտ է դարձել, էլ ավելի ոչ իրավաչափ է»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
Մանվել Գրիգորյանի մյուս պաշտպան Լևոն Բաղդասարյանն էլ նկատեց, որ Մանվել Գրիգորյանի վիճակը լավ չէ:
«Ցանկանում են հիվանդ մարդուն ամեն կերպ պահել կալանքի տակ՝ հնարավորություն չտալով, որ արդարադատության առաջ կանգնի հնարավորինս առողջ վիճակում»,- ասաց պաշտպանը:
Ամեն դեպքում պաշտպանները հույս ունեն, որ վճիռն արդարացի կլինի: Համենայնդեպս նրանք հիմք ունեն այդպես կարծելու:
«Կա նաև ևս մեկ արտաքին գործոն. Եվրոպական դատարանը մեզ իրավունք էր վերապահել կրկին դիմելու, եթե Մանվել Գրիգորյանը չստանա բավարար բուժումը: Այդ բավարար բուժումը նա չի ստացել, և այդ խոչընդոտն ակնհայտորեն ունեցել ենք»:
Ինչ վերաբերում է խափանման միջոցը փոփոխելու համար գրավի հնարավոր չափին, ապա պաշտպանները նշում են, որ չափը դեռ չի քննարկվել և նկատում, որ այն պետք է ողջամիտ լինի:
«Գումարի չափը չպետք է երաշխիք հանդիսանա: Եթե կիրառվում է գրավը, ուրեմն այստեղ «փողախեղդի» տարբերակը չպետք է լինի, դրա հնարավորությունն էլ չկա»,-ասաց պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: