Սանիթեքի հետ խնդիրներ կան, բայց կզանգեմ աղբը գան, տանեն. Քանաքեռ-Զեյթուն շրջանում իրավիճակ չի փոխվել (տեսանյութ)
Մոտ 10 օր շարունակ, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Պարույր Սևակի վրա գտնվող այգին անմխիթար վիճակում է: Այգին գտնվում է սրտաբանական հիվանդանոցի հարևանությամբ: NEWSPRESS.am-ը անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ եթե մինչ այս այգին բարեխղճորեն բարեկարգվում էր, ապա այսօր այն ոչ միայն աղբի մեջ կորած է, այլև անմշակ ու անբարեկարգ վիճակում է:
Հարկ է նկատել, որ այս օրերի ընթացքում, այգու մասին հրապարակված հոդվածը տեղադրել ենք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում՝ իրազեկելու նպատակով, որպեսզի քայլեր ձեռնարկվեն: Սակայն մինչ օրս խնդիրը մնացել է անարձագանք:
Արդեն այսօր՝ հունիսի 7-ին, տեսնելով, որ սայլը տեղից չի շարժվում, փորձեցինք կապ հաստատել անմիջապես թաղապետ Կարեն Հակոբյանի հետ: Ընդունարանից մեզ սիրալիր հորդորեցին զանգել Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժին:
Զանգահարեցինք. բաժնի աշխատակցուհին ի պատասխան հարցինք, թե ի՞նչ խնդիր է առաջացել, որ այգու աղբը չի տարհանվում և այն բարեկարգված չէ, ասաց. «Գիտե՞ք, Սանիթեքի հետ կապված խնդիրներ կան»:
Դիտարկմանը, որ նախկինում թաղապետարանի աշխատակիցները զբաղվում էին այգու բարեկարգմամբ՝ գազոնն էին մշակում և ջրում, ու այժմ դա էլ չկա, բաժնի աշխատակցուհին արձագանքեց. «Դե բարեկարգման համար պետք է զանգահարեք բարեկագման բաժին, ես ոչինչ չեմ կարող ասել, բայց հիմա կզանգահարեմ Սանիթեք ու կասեմ գան աղբը տարհանեն»,- ասաց նա:
Աշխատակցուհու կողմից մեզ տրամադրված հեռախոսահամարով զանգերն անպատասխան մնացին:
Մնում է սպասել, որ աշխատակցուհու նշած «Սանիթեքի հետ ունեցած խնդիրները» արգելք չեն հանդիսանա աղբի տարհանման հարցում:
Իսկ հիշեցման կարգով, տեղադրում ենք այգում նկարահանված տեսանյութը, որտեղ իրավիճակ չի փոխվել: