Երեխաների համար «անառիկ» կառույցների դռներ բացելուց առաջ, լավ կլիներ՝ մանկական այգու աղբը մաքրեիք (ֆոտո, վիդեո)
Առնվազն երկու օր Պարույր Սևակի անվան փողոցին հարող այգուց աղբը չի հեռացվել: Հարկ է նկատել, որ 2 օր ասված ժամանակահատվածը հարաբեական է այնքանով, որ NEWSPRESS.am-ի թղթակիցը մեկ օր առաջ լինելով այգում՝ տեսել է աղբը: Հաջորդ առավոտյան այդ նույն աղբը հեռացված չի եղել:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի այս տարածքն աղբի մեջ կորած է, մինչդեռ այգին ավելի շատ նախատեսված է երեխաների համար, քանի որ այստեղ կան հարմարավետ սղարաններ, ճոճանակներ ու այլ ատրակցիոններ: Միայն թե, եթե նախկինում այգին խնամողներ կային, ու աղբը այսուայնտեղ թափթփված չէր, ապա հիմա ոչ միայն աղբն է ծածկել տարածքը, այլև որոշ խաղային սարքեր ջարդվել են, իսկ ջարդված մասերն ամրացնողներ չկան, ու դրանք հենց այնպես ընկած են գետնին:
Նախկինում այգին նման բարձիթողի վիճակում չի եղել. կոտրված ճոճանակներն էլ անմիջապես վերականգնել են, իսկ վերջին շրջանում այն վերածվել է. մեղմ ասած, աղբանոցի...
Իբր քիչ է այգու այս բարձիթողի վիճակը, հարակից տարածքում գտնվող աղբամաններն էլ լրացնում են տեսարանը: Աղբի գարշահոտությունից էլ արդեն ավելորդ է խոսել:
Այնպես որ, երեխաների տոնին հեքիաթներ կարդալուց ու որոշ «անառիկ» կառույցների դռները երեխաների համար բացելուց առաջ, ավելի լավ կլիներ, եթե պատկան մարմինները մանկական այգու աղբը մաքրեին:
Մանրամասները՝ տեսանյութում