Գլխավոր դատախազի խորհրդականի արձագանքը փաստաբանի դժգոհությանը
ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով փաստաբան Արայիկ Պապիկյանն Arayik Papikyan այսօր հրապարակայնորեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ դժգոհելով, որ Լոռու մարզի դատախազն ու քննիչը մերժել են քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավված իր պաշտպանյալին ամսվա մեջ որոշ օրերի աշխատանքի կատարման նպատակով հանրապետությունից բացակայելու և վերադառնալ թույլատրելու վերաբերյալ իրենց միջնորդությունը:
Այս կապակցությամբ ուզում եմ պարզաբանել հետևյալը:
2018թ դեկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ և 137-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով քննիչի կողմից 2019թ. մայիսի 17-ին նշված անձի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների գնահատման արդյունքում 2019 թվականի մայիսի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
2019 թվականի մայիսի 23-ին Լոռու մարզի դատախազությունում ստացվել է մեղադրյալի և վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը՝ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ: Հենց նույն օրը այն քննարկման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Այդ գրությամբ վարույթն իրականացնող մարմին հանձնարարվել է միջնորդության քննարկման արդյունքների մասին հայտնել ինչպես միջնորդություն հարուցած անձանց, այնպես էլ Լոռու մարզի դատախազությանը: Քննչական մարմնից, սակայն, մարզի դատախազությունը առայժմ տեղեկատվություն չի ստացել այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Որոշման դեմ մարզի դատախազությունում դատավարության մասնակիցների կողմից բողոքներ ևս չեն ստացվել: Հետևաբար մարզի դատախազությունը չէին կարող դիրքորոշում ունենալ և արտահայտել որոշման վերաբերյալ:
Վերոգրյալից հետևում է, որ կայացված որոշման վերաբերյալ տեղեկատվություն կամ բողոք ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կստուգի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, և դրա հիման վրա խնդրի վերաբերյալ կարտահայտվի հստակ դիրքորոշում: