«Ուզում եք մածունով շեղե՞լ, չի ստացվի․ սկզբունք եք հայտարարել՝ պահեք, այ ախպեր ջան»․ Մարուքյանը՝ Համազասպ Դանիելյանին (տեսանյութ)
Հայտնի բան կա, ասում են՝ խփում ես հայտնի մարդուն, իր հաշվին սկսում ես կայանալ։ Այդ մասին, այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթին, որն ամբողջովին ուղղված էր իրեն։
«Հասկանում եմ, որ գայթակղությունը մեծ է իմ հաշվին ինքնահաստատվելու և իմ հաշվին հայտնի դառնալու, բայց մենք անգամ դա չենք թույլ տալու։ Ձեր ելույթի մեջ 67 անգամ «պարոն Մարուքյան» նշելով՝ դուք դեռ երկար տարիներ պետք է աշխատեք, որ «կլասիկի» մակարդակին հասնեք»,- ասաց Մարուքյանը։
Նա նկատեց, որ սկզբունքայնության մասին խոսելով, ինքն ուզում է հասկանալ՝ իշխանությունը իր հայտարարած սկզբունքները պահո՞ւմ է, թե՞ ոչ։
«Ժամանակին հայտարարում էիք, որ համալսարանի դուռն ուսանողների առջև փակողը ռեկտոր չպետք է լինի։ Հիմա փաստ եմ ներկայացրել, որ դուռը փակողին ռեկտոր եք նշանակել, դե՛ պատասխանը տվեք: Չունե՞ք պատասխան: Ձեր իշխանությունը հայտարարել է, որ բուհերն ապաքաղաքականացվելու են, «Իմ քայլից» քանի՞ պատգամավոր կա, որ բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Ես չգիտեի, որ դուք էլ եք հոգաբարձուների խորհրդի անդամ: Դուք ինքնախոստովանական ցուցմունք տվեցիք»,- ասաց Մարուքյանը:
Նա, վկայակոչելով իր ֆեյսբուքյան գրառումներին հետևելու փաստը և իրեն անընդհատ ցիտելու Դանիելյանի միտումը, ասաց․ «Ուրախ եմ, որ Էդմոն Մարուքյանի թեմայով գիտությունների թեկնածություն եք արդեն ուզում պաշտպանել, ինչ գրում եմ՝ հետևում եք՝ այստեղ այն ասաց, այնտեղ այն շեշտեց: Ես շոյված եմ, բայց ինչ ասում եմ՝ ձեզ ներվայնացնում է»,- ասաց Մարուքյանը։
Կրկին անդրադառնալով սկզբունքայնությանը՝ Էդմոն Մարուքյանը նկատեց, որ դա այն է, որ նույն տեսակետն ունեն՝ անկախ նրանից երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն է եղել, թե հիմա մեկ ուրիշն է։
Պատգամավորն ընդգծեց նաև, որ այն հարցերը, որոնց մի ժամանակ անգամ այսօր գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դեմ եղել, երբ ընդդիմադիր էր, իրենք շարունակում են դեմ լինել, իսկ իշխանություն դարձած ընդդիմության մյուս հատվածը՝ ոչ։
«Սկզբունք եք հայտարարել՝ պահեք, այ ախպեր ջան»,- ասաց նա։
Եզրափակելով իր խոսքը՝ Մարուքյանը նկատեց, որ իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, պետք է լքեն բուհերի հոգաբարձուների կամ կառավարման խորհուրդները:
«Սա ընդդիմության կողմից ձևավորված պահանջ է: ԲՀԿ-ն, կարծում եմ, կհամաձայնի: Ու ոչ մի մածունների մասին խոսք չկա, ուզում եք շեղել դրանով, բաց մենք չենք շեղվի»,-ասաց Մարուքյանը՝ իր խոսքը եզրափակելով․ «Հարգանքներով՝ Էդմոն Մարուքյան»։
Մանրամասները՝ տեսանյութում