Սորոսի հերթական հաղթանակը՝ Հայաստանում
Երևանի պետական համալսարանի ռեկտորի համար սորոսական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը շարունակում է կենաց և մահու պայքար մղել, թեև իր քաղաքական թիմը նույն կենաց և մահու պայքարն էր մղում հանրապետականների քայլերի դեմ նախկինում կրթական համակարգը քաղաքականացնելու համարում։
Թեև ԵՊՀ ռեկտորի ընտրությունն այսօր էր, սակայն մամուլն արդեն գրել էր, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Հովհաննես Հովհաննիսյանը տեսնում է միայն Գեղամ Գևորգյանին, ինչն էլ մամուլի հրապարակումներից հետո իրականություն դարձավ։
Այսօր Ազգային ժողովում Հովհաննես Հովհաննիսյանը հորդորում էր ստահոդ տեղեկություններ չտարածել առ այն, որ իրենք կանխորոշել են, թե ով է ընտրվելու ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Հովհաննիսյանը նաև զարմանում էր, թե՝ բա, եթե մարդիկ գիտեն՝ ով է ընտրվելու այդ պաշտոնում, թող ասեն, էլ ԵՊՀ-ում խորհրդի նիստ չանեն՝ էժանագին քող գցելով ԵՊՀ-ում իր մարդուն ռեկտոր կարգելու ՔՊ-ական քաղաքականության վրա։ Հովհաննեսի խոսքերից մի քանի ժամ անց պարզվեց, որ, այո, անիմաստ էր ձևական խորհրդի նիստ հրավիրել մի հարցի վերաբերյալ, որն արդեն լուծվել է քաղաքական որոշմամբ, ուստի անիմաստ էր ԱԺ ամբիոնն օգտագործել փուչիկներ փչելու և դատարկաբանությամբ զբաղվելու համար։
Եվ այսքանից հետո սորոսական Հովհաննիսյանին անհնար է չհորդորել նվազագույնն անկեղծ լինել սեփական քաղաքական թիմին ձայն տված մարդկանց հետ և դուխ ունենալ ասելու՝ կա քաղաքական կամք՝ Ջորջ Սորոսի ձեռքերը հասցնել Մայր բուհ և դա պետք է իրականանա, որովհետև է Հայաստանում կյանքի բոլոր ոլորտներում Սորոսի ներկայությունն է այն գինը, որը պետք է վճարենք Փաշինյանի պես երկրի ղեկավար ունենալու համար։
Այո՛, Ազգային ժողովում իշխանական մեծամասնության պատգամավորը նույն քաղաքական որոշմամբ կկարգվի ԵՊՀ ռեկտոր, ուստի բավ է այլևս ժողովրդի ականջներից թավշյա լապշաներ կախել: