Եթե ճիշտ քննություն տանեին, կասեի՝ իմ խաչն ա․ զոհված զինվորների մայրերը դժգոհ են` իշխանությունը խոստումը չի կատարել (տեսանյութ)
Ժամկետային զինծառայության ժամանակ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց շարունակում են պահանջել իրենց որդիների մահվան բացահայտումը։
Վերջիններս վստահ են, որ իրենց որդիներին սպանել են։
Մահացած զինծառայողներ Վալերի Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Արման Հակոբյանի, Անդրանիկ Սիլակյանի և Արթուր Ղազարյանի մայրերին, կառավարությունից ասել էին, որ կվերաբացեն գործերը, և նոր քննություն կիրականացվի։ Այս նպատակով ստեղծվել է նաև հանձնաժողով։ Սակայն վերջինիս աշխատանքը չի գոհացրել մայրերին։
Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, նկատեց, որ իր մոտ նոր հարցեր են առաջացել հանձնաժողովի նիստից հետո։
«Փորձագետներն ընդհանրապես տեղյակ չէին գործի նյութերից։ Նրանց հանձնել են փորձաքննությունների արդյունքներ, որոնց մասին մենք նույնիսկ պատկերացում չենք ունեցել»,- ասում է Իրինա Ղազարյանն ու հավելում, որ այդ ամենից բացի, գործին կցված է նույն քննիչը, որ փաստացի կոծկել է գործը։
«Ինձ ասում են՝ իմ տղան գլխի ուռուցքից ա մահացել․ դե թող էդ ուռուցքը հանեին ու նկարեին, ինձ ցույց տային, ես էլ ո՞ւմ կարայի մեղադրեմ, կասեի՝ սա իմ խաչն է»,- ասում է կինը և վստահեցնում, որ իր տղային սպանել են։
Մանրամասները՝ տեսանյութում