Ի՞նչ է ակնարկում Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետը
Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովն այսօր ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում «Ադրբեջանը եվրոպական տարածքում» կոնֆերանսի շրջանակներում, որի ընթացքում բացի Ադրբեջանի տնտեսական ու այլ նվաճումները գովերգելուց, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին։
Ադրբեջանական մամուլում տեղ գտած հարապարակումների համաձայն, Մարկովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներկայում սեղանին են Կազանյան սկզբունքները և հիմնական քննարկումներն ընթանում են հենց այս սկզբունքների շուրջ։
«Համաձայն Կազանյան սկզբունքների, Ադրբեջանին են վերադարձվում Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, որի դիմաց Բաքուն վերացնում է շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղին տրամադրվում է ժամանակավոր կարգավիճակ։ Դուրս են բերվում զինվորականները և հակամարտության գոտում առաջնագծում կանգնում են ԵԱՀԿ խաղաղապահները»,- ասել է Մարկովը։
Հիշեցնենք, որ Կազանյան փաստաթուղթը կամ Կազանյան սկզբունքները շրջանառության մեջ դրվել են 2011 թվականին։ Այսպես, 2011թ. հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկվել է մի փաստաթուղթ, որը մերժել է Բաքուն։ Որոշ վերլուծաբաններ այն համարում են 1997 թվականի փուլային կարգավորման փիլիսոփայությամբ կառուցված փաստաթուղթ։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ իր հարցազրույցներում խոսելով Ղարաբաղյան կարգավորման մասին, հայտարարել է, որ Կազանյան փաստաթուղթն ընդամենը Մադրիդյան սկզբունքների խմբագրումներից մեկն է։ Փաստաթուղթը ենթադրում է հետևյալ քայլերը հակամարտության կարգավորման պրոցեսում.
1. հայկական ուժերը դուրս են գալիս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններից (ավելի քան 4 հազ. քառ. կմ):
2. Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂԻՄ սահմաններում, ինչպես նաև Քարվաճառն (Քելբաջար) ու Լաչինը ստանում են ժամանակավոր անցումային միջանկյալ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև իրավական վերջնական կարգավիճակի հստակեցումը, կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, կստանան արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությունը:
3. Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններ են վերադառնում ներքին տեղահանված անձինք: Ստեղծված նոր ստատուս քվոյի պայմաններում Ղարաբաղ-Ադրբեջան սահմաններում տեղակայվում են խաղաղապահ ուժեր: Քարվաճառի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձը տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցկացվում է քվեարկություն՝ որոշելու Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը:
4. Լեռնային Ղարաբաղում անցկացվում է վերջնական իրավական կարգավիճակը որոշելու շուրջ քվեարկություն:
Եթե խոսքը այս ու հարակից դետալների մասին է, ապա սա իր էությամբ Մադրիդյան սկզբունքներից քիչ է տարբերվում։ Սակայն Մարկովի հայտարարության մեջ էականը ոչ այնքան բուն Կազանյան սկզբունքներն են, այլ դրանցում տեղ գտած նորույթը։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է խաղաղապահների հարցին։ Մարկովը չափազանց մեծ վստահությամբ, իսկ նա որպես մերձկրեմլյան քաղաքագետ նման վստահություն ունենալ կարող է, հայտարարում է, որ հակամարտության առաջնագծում կանգնելու են ԵԱՀԿ խաղաղապահները։ Ի՞նչ է սա նշանակում։ Չմանրամասնելով խաղաղապահների կազմի հետ կապված խնդիրը, միայն արձանագրենք, որ ըստ էության՝ Սերգեյ Մարկովն ամրագրում է, որ արդեն կարծես թե լուծված է նաև խաղաղապահների հարցը։
NEWSPRESS.am