Ինչո՞ւ էր կառավարությունը գաղտնի պահում այդ վտանգավոր նամակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գործող բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչից և մայիսի 20-ին մի քանի ժամանոց նման ակտ իրականացնելուց հետո ստացել է կոշտ նամակ Վենետիկի հանձնաժողովից:
Իհա՛րկե, այս նամակը հայ հանրությանը կառավարության լրատվական ծառայությունը չէր հրամցրել այնպես, ինչպես հրամցվում է Փաշինյանի օգտին ասված յուրաքանչյուր նախադասություն:
Այս նամակի գոյության մասին մենք՝ շարքային քաղաքացիներս, իմացանք այսօր՝ մայիսի 20-ից 7 օր անց, և դա բացառապես կայքերից մեկի շնորհիվ, որը, հղում անելով կառավարության իր աղբյուրներին, գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից:
Կայքի այս հրապարակումը շատ արագ տարածվեց մյուս ԶԼՄ-ներով և աղմուկից խոսափելու համար կառավարությանն այլ բան, քան այդ վտանգավոր նամակի հրապարակումը, չէր մնում: Իսկ ինչու վտանգավոր՝ որովհետև Վենետիկի հանձնաժողովը Փաշինյան Նիկոլին հիշեցրել է, որ Հայաստանին կաջակցի բարեփոխումներ իրականացնելիս, բայց՝ կա մեկ կարևոր բայց.
Դա պետք է արվի միայն Սահմանադրության և օրենքի շրջանակում, իսկ աշխարհի որևէ Սահմանադրություն թույլ չի տալիս կառավարության ղեկավարին քաղաքականությունից անկախ դատարանների վրա ճնշում գործադրելու ոչ միայն կոչ անել, այլ նաև դա իրագործել, հետևաբար, միայն այս կտրվածքով Փաշինյանը Եվրոպայի խորհրդին պատասխան տալու խնդրի առաջ է կանգնած:
Նա դեռ պետք է հիմնավորի, որ հակասահմանադրական որևէ կոչ և արարք չի կատարել, իսկ Վենետիկի հանձնաժողովը դրան դեռ պետք է հավատա, հակառակ պարագայում՝ Փաշինյանին սպասվում է սահմանադրական կարգի խախտման մեղադրանք:
NEWSPRESS.am