Ռոբերտ Քոչարյանը նման նպատակ չի հետապնդել. Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում լքել երկիրը: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա հաստատեց լուրն այն մասին, որ կալանքից ազատվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
«Դա եղել է ընդհանուր բուժզննում, քանի որ Ռոբերտ Քոչարյանը 6 ամիս կալանքի տակ է եղել, սակայն առողջական լուրջ խնդիրներ չկան»,– նշեց Սողոմոնյանը:
Ինչ վերաբերում է բուժման պատրվակով Հայաստանը լքելու հավանականությանը, ապա Վիկտոր Սողոմոնյանը դա բացառում է:
«Ո՛չ, նման նպատակ չի հետապնդել «Իզմիրլյան» այցելությունը: Նա պարզապես գնացել է բուժզննման»,- պարզաբանեց Սողոմոնյանը:
Անդրադառնալով նաև առավոտյան մամուլում տեղ գտած լուրին, ըստ որի ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հանդիպել են, Վիկտոր Սողոմոնյանը նկատեց, որ Սերժ Սարգսյանն իսկապես այցելել է Ռոբերտ Քոչարյանի տուն:
«Սերժ Սարգսյանը եկել է տեսակցելու Ռոբերտ Քոչարյանին՝ նրա կալանքից հետո» ,– ասաց Սողոմոնյանը՝ չմանրամասնելով, թե ինչ զրույց է տեղի ունեցել նախկին նախագահների միջև: