Մեր «վեթինգն» ու Բաքվի զորավարժությունները
Մինչ Հայաստանում քննարկվում են դատական համակարգի փոփոխությունների հետ կապված հարցերը, դրանք կապելով թավշյա հեղափոխության հետ և դիտարկելով որպես երկրորդ փուլ այդ ներկայացման, Ադրբեջանն այս տարվա մեջ արդեն երրորդ անգամ իրականացնում է լայնամասշտաբ զորավարություններ։
Բաքվի պաշտոնական հայտարարությունների համաձայն, զորավարժություններում ներգրաված է 10 հազար զինվորական, 150 միավոր զրահատեխնիկա և 200 հրթիռահրետանային, հարվածային կրակի ականանետային կրակի և այլ համակարգեր ու իհարկե օդուժ՝ մինչև 35 ուղղաթիռ և ինքնաթիռ։
Կարելի է ասել՝ ադրբեջանական բանակի բոլոր զորամիավորումները այս կամ այն կերպ ներկայացված են այդ զորավարժություններին, որոնք բավական բարդ ու տակտիկական առաջադրանքներ են պարունակում՝ ներառյալ գիշերային ժամերի օպերացիաները՝ բարդ տեղանքում։ Նման մասշտաբների զորախաղեր, ինչպես նկատում է ռուսական «Ռեգնում»-ի փորձագետ Ստանիսլավ Տարասովը, Բաքուն նաև 2017-ին էր իրականացրել, սակայն ի տարբերություն այդ զորավարժության, այն ժամանակ եթե գրոհային էին զորավարժությունները իրենց բնույթով, ապա հիմա դրանք հակագրոհային են։ Սա ինչ-որ կերպ դեռ հուշում է, որ Բաքուն փորձում է չափավորել իր ռազմական նկրտումները գոնե Մինսկի խմբի բանակցային ֆորմատի պահպանման, թեև արդեն կամաց-կամաց Բաքվից սկսել են ավելի հաճախակի հնչել ռազմատենչ հայտարարություններ։
Երևանը դեռ միայն ԱԳՆ խոսնակի միջոցով հայտարարել է, որ Ադրբեջանը այս զորավարժություններով խախտում է իր հանձնառությունները, որոնք ստանձնել է ԵԱՀԿ առաջ, քանի որ նախապես չի իրազեկել զորավարժությունների մասին։
Երևանը նաև ասել է, որ զորավարժությունները չեն նպաստում ռեգիոնում խաղաղության և կայունության հաստատմանը։ Եվ միայն այսքանը։ Հայկական կողմի բողոքն իհարկե միջազգային իրավական առումով հիմնավորված է, և այդ մասին վկայում է 2011-ի Վիեննայի փաստաթուղթը, սակայն Բաքուն առաջին անգամը չէ, որ խախտել է զորախաղերի նախապես իրազեկման և մյուս պահանջները, որոնք ամրագրված են ԵԱՀԿ փաստաթղթերում։
Ռուսական մամուլի ու հատկապես «Ռեգնում»-ի ուշադրությունն է գրավել այն, ադրբեջանական կողմի ակտիվացումը ռազմա-վարժական առումով, համընկել է Հայաստանում ներքին լարվածության աճի հետ, որը առաջացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումով և որը հրահրվում է հայկական իշխանականների կողմից, ովքեր, որպես կանոն, հանդիսանում են Քոչարյանի հակառակորդները։
Այդ ակտիվացումը անհասկանալիորեն համընկավ նաև Փաշինյանի՝ դավադիր պատերազմի մասին արված հայտարարության հետ, որը արվեց «վեթինգի» հետ համատեղ։ Ու թե այս ամբողջը ինչ կարող է նշանակել, դեռ ցույց կտա ժամանակը։
NEWSPRESS.am