«Պռովոկատոր», «պռովոկատորը դու ես». քաշքշոց կառավարության դիմաց՝ բողոքի ակցիայի ժամանակ (տեսանյութ)
Այսօր կառավարության դիմաց եկել էին քաղաքացիներ, ովքեր փորձում էին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին ու, եթե բախտները բերի, հանդիպել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչպես նախկին իշխանության ժամանակ, այսօր ևս բողոքի ակցիա կազմակերպածների կողքին էին նաև մարդիկ, ովքեր «լծվել էին» իշխանության պաշտպանության գործին։ Նրանք խանգարում էին բողոքող քաղաքացիներին իրենց խնդիրները ներկայացնել լրագրողներին։
Նրանցից մի քանիսը նույնիսկ մոտեցան NEWSPRESS.am-ի լրագրողին՝ «մտերմաբար» հորդորելով․ «Ա՛յ աղջիկ ջան, դրանց ինչի՞ ես նկարում, դրանք պռովոկատոր են», ինչին արձագանքելով՝ բողոքողներից մեկը հակադարձեց․ «Պռովոկատորը դու ես, ես էստեղ իմ խնդիրն եմ ներկայացնում»։
Գործը հասավ նրան, որ կողմերը սկսեցին քաշքշել միմյանց։ Տարածքը հսկող ոստիկաններին հաջողվեց բաժանել տղամարդկանց։ Ակցիան խանգարողներից մեկը մեզ հետ զրույցում փորձում էր համոզել, որ ցուցարար կինն իրավունք չունի նման բովանդակությամբ գրություններով պաստառ բռնել։ Վերջիններս վստահ են, որ այդ մարդիկ փողի դիմաց են նման գործողություն անում։ Հարցին, թե ինչո՞ւ են այդչափ վստահ, նրանցից մեկը պատասխանեց․ «Ինձ էլ են առաջարկել գումար», իսկ թե ով է առաջարկել՝ չմանրամասնեց։
Ի վերջո՝ նրանք, ովքեր խանգարում էին բողոքողներին, հեռացան տարածքից։
Մանրամասները՝ տեսանյութում