«Ջերմուկ գրուպը» արտոնություն ստացավ. կստեղծվի 13 նոր աշխատատեղ՝ 350 հազար դրամ միջին աշխատավարձով (տեսանյութ)
Կառավարությունն այսօրվա նիստում բավարարեց «Ջերմուկ գրոպ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:
Հարցը ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նախարարը նշեց, որ ընկերությունն ապրանքներն օգտագործելու է արտադրանքն արտահանելու նպատակով, տվյալ դեպքում՝ դրանք իրականում սարքավորումներ են՝ մեքենաների կցորդներ:
«Այս ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել 363 մլն դրամ ընդհանուր արժեքով ներդրումներ, կազմակերպությունում ներկայումս առկա է 385 աշխատատեղ՝ 180-200 հազար դրամ միջին աշխատավարձով: Նախատեսվում է նաև ստեղծել 13 նոր աշխատատեղ՝ 350 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը, ընդհանուր առմամբ, կկազմի 756 մլն դրամ, որից 30 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, 696-ը՝ կարտահանվի ԵԱՏՄ երկրներ և 30 մլն-ը՝ երրորդ երկրներ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 363 մլն դրամ՝ ընդհանուր արժեքով: Մաքսատուրքից ազատման գումարը՝ 34.3 մլն դրամ, որից ՀՀ պետբյուջեի եկամուտների նվազումը՝ 419 հազար դրամ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկությունների՝ 2018 թ. ընթացքում կազմակերպությունը պետական բյուջե է վճարել 1 մլրդ 262 մլն դրամ ընդհանուր գումարով հարկեր»,- ասաց նախարարը:
Խաչատրյանը խնդրեց հաստատել որոշման նախագիծը, ինչին հետևեց Փաշինյանի արձագանքը:
Մանրամասները՝ տեսանյութում