Փաշինյանը դավադրություն է տեսնում Արցախի և Հայաստանի հարցի հետ կապված
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնում է կոնկրետ ուժեր, որոնք, նրա կարծիքով, փորձում են տարաձայնություններ ու թշնամանք հրահրել Արցախի ու Հայաստանի ժողովրդի միջև: Նա այս մասին ասաց հրավիրված խորհրդակցության ժամանակ:
Ըստ Փաշինյանի՝ գործում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը:
«Բոլորիս համար ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարի ասել եմ, որ սրա տակ տեսնում եմ դավադիր պատերազմ հրահրելու, որոշ տարածքներ հանձնելու ու տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող ՀՀ վարչապետ, պատերազմական իրավիճակներում ԶՈՒ գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները դավադիր միջամտություններն արմատախիլ անելու համար»,- նշեց Փաշինյանը:
Նա իր ելույթի մեջ նկատեց նաև, որ հասունացել է ժամանակը և 2016թ․-ի ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու:
«Կոչ եմ անում Արցախի ժողովրդին «ոչ» ասել, մերժել բոլոր ուժերին, ում գործունեությունն ուղված է ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս ՀՀ ժողովրդի, կառավարության աներկբա դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել նեղ խմբային շահերը սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար»,- ասաց Փաշինյանը:
Իր ելույթի վերջում, նա նշեց, որ ֆեյսբուքյան իր էջով կդիմի դատարանների մուտքերը փակած քաղաքացիներին: