Այն, ինչ առաջարկվում է վարորդներին՝ լի է կոռուպցիոն ռիսկերով. «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը վստահեցնում է՝ վարորդական նոր բալային համակարգի մասին օրենքում կան անհասկանալի դրույթներ, որոնք համարվում են իրավախախտում և զրկում վարարոդին իր վարորդական իրավունքներից:
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Քեյանը նկատեց, որ թեև բալային համակարգը վարորդներին ավելի զգոն կդարձնի, բայց մինչ այդ, երթևեկությունը կանոնակարգելու հետ կապված մի շարք այլ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Նա թվարկեց դրանցից մի քանիսը՝ ճանապարհների վիճակը, խաչմերուկների կահավորանքը, լուսացույցները, գծանշումները։ Իսկ այն, ինչ այս պահին առաջարկվում է, «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավարը որակեց ռիսկային:
«Օրինակ, դեղին համարանիշները այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը կամ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և կապույտ լուսաձայնային փարոսիկ տեղադրելը, որտեղ նախատեսված է 3 ամսից մինչև 1 տարի կամ 6 ամսից 1 տարի ժամկետով վարորդական վկայականից զրկում, սա թողնված է հենց վարչական մարմնի հայեցողությանը։ Այստեղ մեծ ռիսկեր, նաև կոռուպցիոն դրսևորումներ կարող են լինել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տիգրան Քեյանը։
Բացի այդ, նա նաև նկատեց, որ շատ է խոսվում նախազգուշացումների և ոչ թե միանգամից տուգանելու պրակտիկայի մասին, ու չնայած դրան մինչ օրս որևէ վարորդ նախազգուշացման թղթային ծանուցում չի ստացել․ «Այս ինստիտուտը չի աշխատում։ Բոլոր դեպքերում մարդը պետք է ծանուցվի: Միայն կայքում տեղադրելը չի նշանակում, որ մարդը ծանուցվել է։ Ոչ բոլոր վարորդներն են կայքում ստուգում»։