Քոչարյանի ազատ արձակումը կարող է փոխզիջում լինել, որը թույլ կտա ՀՀ իշխանությանը պահպանել դեմքը. քաղտեխնոլոգ
Արցախի երկու՝ նախկին և գործող նախագահների մասնակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին՝ «շատ հետաքրքիր» քաղաքական երանգ կտա իրավիճակին։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրառանալով Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությանը: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, երկու նախագահների միջամտությունը Քոչարյանի դատական գործընթացին կարող է օպտիմալ լուծում տալ, որը կբավարարի բոլորին։
Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ Արցախի նախագահը ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցի շուրջ որոշակի պայմանավորվածություն ունեն: Քաղտեխնոլոգը չի հավատում, որ Քոչարյանին ազատ արձակելու համար երաշխավորությունը ներկայացնելու որոշումն Արցախի նախագահն ընդունել է առանց Փաշինյանի հետ քննարկելու, քանի որ, ըստ բանախոսի, Փաշինյանի համար իրավիճակը բավականին բարդ է։
«Քոչարյանի գործով դրսից ճնշում գործադրելու որոշ նշաններ կան, իսկ երկրի ներսում վերջին տարվա ընթացքում հետզհետե ավելացվում էր Քոչարյանի հանդեպ թշնամության աստիճանը։ Այս պայմաններում արցախյան իշխանության միջամտությունն ու Քոչարյանի ազատ արձակումը «մարդասիրական նկատառումներից ելնելով» կարող է փոխզիջում լինել, որը թույլ կտա Հայաստանի իշխանությանը պահպանել դեմքը»,- ասաց քաղտեխնոլոգը։
Իհարկե, նա վստահ է, որ Քոչարյանին ազատ արձակելը դժգոհության ալիք կբարձրացնի Փաշինյանի կողմնակիցների շարքում, սակայն, ըստ քաղտեխնոլոգի, փորձը ցույց է տվել, որ Փաշինյանը կարողանում է հարթել նման իրավիճակները:
«Մեկ–երկու «լայվ» և վերջ, քանի որ Փաշինյանը նախկինի պես հանրության շրջանում բարձր վարկանիշ ունի։ Նա կարող է օգտագործել այդ վարկանիշը Քոչարյանին ազատ արձակելու պատճառը մարդկանց բացատրելու համար»,- ընդգծեց Հակոբյանը։